(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողություն։

Ռեկտոր Մանուկ Բարսեղյանը շնորհակալագրեր հանձնեց «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. Երևան 2025» միջազգային գիտաժողովի ղեկավար կազմին՝ գիտաժողովի կազմակերպման և հաջող անցկացման համար։

Միջոցառման մեկնարկին ռեկտոր Մանուկ Բարսեղյանը շնորհավորեց կազմակերպիչներին և ընդգծեց գիտաժողովի կարևորությունը գիտական կապերի խորացման ու միջազգային համագործակցության ամրապնդման գործում․ «Այս գիտաժողովի նպատակը միայն գիտական թեմաների քննարկումը չէ, այլև տարբեր երկրների գիտնականների համախմբումը՝ մասնագիտական ուղղությունների համատեղ զարգացման համար։ Ցանկանում ենք, որ այս հանդիպումները դառնան համագործակցության մշտական կամուրջներ, որտեղ կծնվեն նոր գաղափարներ, նոր հետազոտական ուղղություններ ու համատեղ հոդվածներ։ Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը կնպաստի համալսարանի գիտական ներուժի աճին և միջազգային ճանաչելիությանը»։

Գիտաժողովը, որը մեկտեղել էր հայ և արտասահմանյան առաջատար մասնագետների, նպատակ ունի խթանել գիտական նոր համագործակցություններ, ձևավորել միջազգային հետազոտական խմբեր և ընդգծել Հայաստանի դերը քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության արդի մարտահրավերների լուծման գործում։

ՃՇՀԱՀ-ի ղեկավարությունը վստահ է, որ նման գիտաժողովները ոչ միայն նպաստում են գիտական միջավայրի աշխուժացմանը, այլև նոր խթան են տալիս համալսարանի զարգացման ռազմավարությանը՝ այն վերածելով միջազգային գիտահետազոտական համագործակցության հարթակի։

06.11.25