(010) 303-300

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՆԺԵՆԵՐՆԵՐԻ ՀԱՎԱՔ 2025» ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է

Այս տարի արդեն տասներորդ անգամ ավանդական ձևաչափով իրականացվեց ՃՇՀԱՀ «Երիտասարդ ինժեներների հավաք 2025» վրանային ճամբարը, որը կրում էր «Նորարար մտքով՝ մարտական կիրառություն» խորագիրը։

Տասը տարվա ընթացքում այս նախաձեռնությունը դարձել է ոչ միայն ուսանողների ամառային հանգստի և կրթական ծրագրերի յուրօրինակ հարթակ, այլև համալսարանական ընտանիքի միասնության խորհրդանիշ։ Ճամբարի ընթացքում տարբեր տարիներին ձևավորված ավանդույթները նոր շունչ ստացան և ամրապնդվեցին՝ յուրաքանչյուր նոր հավաք դարձնելով ավելի բովանդակալից ու հիշարժան։

Այս տարի ճամբար են այցելել Ուսանողական խորհրդի տարբեր տարիների նախագահներ Հովսեփ Հովեյանը, Արմեն Հարությունյանը և Սուսաննա Հակոբյանը, ինչպես նաև համալսարանի ղեկավար կազմը՝ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի գլխավորությամբ։ Նրանց ներկայությունը ևս մեկ անգամ ընդգծեց ճամբարի կարևորությունը և այն կապը, որը տարիների ընթացքում ձևավորվում է համալսարանի և ուսանողական կառույցի միջև։

Հավաքի յուրաքանչյուր օրը հագեցած էր՝ սկսած ֆիզիկական պատրաստությունից և ազգային պարերի ուսուցումից մինչև նախագծային աշխատանքներ, քվեսթներ և մարտավարական առաջադրանքներ, ինտերակտիվ քննարկումներ ու հանդիպումներ, արվեստի ու մշակույթի նախաձեռնություններ և հայրենասիրական ոգով համախմբող միջոցառումներ։

Տասներորդ հոբելյանական հավաքը եզրափակվեց տոնական մթնոլորտում՝ ազգային պարերով ու միասնության ոգով։ Այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ «Երիտասարդ ինժեներների հավաք»-ը ոչ միայն պահպանել է իր ավանդույթները, այլև տարիների ընթացքում դարձել է համալսարանի պատմության և ուսանողական կյանքի անբաժան մասը։

12.09.25