(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2025 ԹՎԱԿԱՆԻ «100 ԳԱՂԱՓԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՓՈՒԼԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը:

Մրցույթի նպատակներն են զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

  • Բնական և ճշգրիտ գիտություններ (ֆիզիկամաթեմատիկական և քիմիական գիտություններ, գիտություններ երկրի մասին):
  • Տեխնոլոգիաներ և նորարարություններ (տեխնիկական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և Ճարտարապետություն):
  • Մարդասիրություն և սոցիալական գիտություններ (պատմական, բանասիրական, իրավաբանական, մանկավարժական, հոգեբանական և սոցիոլոգիական գիտություններ, արվեստագիտություն, տնտեսագիտություն):
  • Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ (բժշկական, դեղագործական, կենսաբանական և գյուղատնտեսական գիտություններ) *:
  • Ազգային անվտանգություն և ռազմական գիտություններ (կիբերանվտանգություն և տեղեկատվական պաշտպանություն, ռազմական գիտություններ և պաշտպանական տեխնոլոգիաներ, էներգետիկ և պարենային անվտանգության համակարգեր, ռազմաբժշկություն և արտակարգ իրավիճակների կառավարում) *:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել սույն թվականի հունիսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, Youth@escs.am էլեկտրոնային հասցեին համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Մանրամասների համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/29587:

20.06.25