(010) 303-300

ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ԱՊԱԳԱ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Օրերս կայացավ Ամերիաբանկի և VISA-ի կազմակերպած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի ամփոփման հանդիսավոր արարողությունը: Մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, ստեղծագործ, Հայաստանի ապագայի հանդեպ պատասխանատու և նորարարական մտածելակերպ ունեցող ուսանողներին։

Մրցույթին մասնակցել են 36 պետական և մասնավոր բուհերի ուսանողներ, որոնց թվում իրենց ակտիվ մասնակցությամբ և հաջողություններով առանձնացել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանողները։

ՃՇՀԱՀ-ի 8 ուսանողներ ցուցաբերելով բարձր արդյունքներ հինգ ամիս շարունակ կստանան ամսական 50.000 դրամ կրթաթոշակ ուսմանն աջակցելու և մասնագիտական զարգացման համար։

Այս հաջողությունը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ ՃՇՀԱՀ-ի ուսանողները ոչ միայն տիրապետում են խորքային գիտելիքների, այլև ակտիվորեն մասնակցում են հասարակական և կրթական նախաձեռնություններին, ապացուցելով իրենց հնարամտությունն ու առաջադիմական մտածողությունը։

Համալսարանը շարունակում է խրախուսել ուսանողների մասնագիտական աճն ու նորարարական նախաձեռնությունները, ինչը նպաստում է Հայաստանի ապագա մասնագետների ձևավորմանը և երկրի զարգացմանը։

10.03.25