(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՔԱՂԱՔ ԵՐԱԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ – ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՀԱՅՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեց «Քաղաք երազների համար – նոր լուծումներ Հայֆիլմի համար» խորագրով աշխատաժողովը, որը «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվում է գերմանական «Ճարտարապետական մշակույթի ակադեմիա» (Academy for Architectural Culture (aac)) կազմակերպության կողմից:

Հանդիպմանը ներկա էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծման համար պատասխանատու գերմանական «gmp International GmbH Architects and Engineers» ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը և «gmp Foundation» հիմնադրամի մաս կազմող Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի գործադիր տնօրեն Էննո Մաասը:

Երեք ու կես շաբաթ ընդհանուր տևողությամբ աշխատաժողովի ընթացքում թվով 16 ճարտարապետ ուսանողներ, որից 4-ը ՃՇՀԱՀ-ից էին: Հաջորդիվ գերմանական կազմակերպության 4 ճարտարապետների (tutors) համակարգմամբ, կքննարկեն ապագայի արդիական ճարտարապետական մշակումները և կիրականացնեն Հայֆիլմ կինոստուդիայի տարածքի նախագծային աշխատանքներ:

Աշխատաժողովի՝ Հայաստանում կայանալիք հատվածը կներառի լսարանային և գործնական աշխատանք, որի մի մասը՝ հենց «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, որն ուղղված կլինի գաղափարների գեներացմանը, կոնցեպտի մշակմանը, վերջինիս ձևակերպմանը՝ ճարտարապետական նախագծի տեսքով և էսքիզային տարբերակների ներկայացմամբ:

Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը առանձնահատուկ կարևորեց աշխատաժողովի միջոցով ուսանողների ներգրավվածությունը «Հայֆիլմ»-ի տարածքի զարգացման և ձևավորման գործընթացին, քանի որ այն թույլ է տալիս ուսանողներին իրական փորձի հիման վրա մասնակցել նախագծային աշխատանքներին. «Ուսանողները անցնելու են բոլոր այն փուլերով, որոնք նախատեսված են ճարտարապետների համար։ Մասնավորապես՝ նրանք ուսումնասիրելու են տարածքը և խնդիրը իրական պայմաններում, մշակելու և ներկայացնելու են որոշակի լուծումներ, որոնք կօգտագործվեն նախագծային կազմակերպության կողմից «Հայֆիլմ»-ի տարածքի զարգացման իրական ծրագրում»:

Մարտ ամսին աշխատաժողովը կշարունակվի Համբուրգ քաղաքում, որի ընթացքում մարտի 2-20-ը աշխատաժողովի ճարտարապետ ուսանողները, կավարտեն նախագծային աշխատանքները և կներկայացնեն տարածքի զարգացման կոնցեպտուալ առաջարկները:

28.02.24