(010) 303-300

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԻ ԱՍՈՑԱՑԻԱՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանի կողմից ներկայացված «Ֆիքսատորներ մետաղական ամրանների համար» գյուտի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը դարձել է  «I F I A»- ի գիտնականների միջազգային ասոցացիաների ֆեդերացիայի անդամ:  Այս գյուտը Քուվեյթի գիտական ակումբի և Ժնևի միջազգային ցուցահանդեսի միջև համագործակցությամբ՝ 2023 թվականի փետրվարի 12-15-ը Քուվեյթում կայացած Մերձավոր Արևելքում գյուտերի (հայտնագործությունների) 13-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթում արժանացել է նաև արծաթե մեդալի և հավաստագրի: 

Պրոֆեսոր Գրիգորյանը նշեց, որ Հայաստանն այս անդամակցության շնորհիվ հնարավորություն կունենա բոլորովին անվճար  տպագրվելու գիտական ամսագրերում և մասնակցելու կազմակերպված բոլոր կարևոր միջոցառումներին ու հանդիպումներին: «Նրանք մեզնից ունեն ակնկալիքներ և մենք դատարկաձեռն չենք ներկայնալու ասոցացիաներին: Մենք  ունենք մի շարք գյուտեր, որոնք ևս կներկայացնենք և իհարկե կվերցնենք իրենցից այն, ինչը հետաքրքիր և կարևոր կլինի մեր երկրի ու գիտնականների համար: Նշեմ մի կարևոր  փաստ ևս «I F I A»-ը պատրաստվում է մեր կառավարությանը ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանում գյուտարարների գիտաժողով իրականացնելու համար, որը մեծ պատիվ է մեզ համար: Այն Հայաստանը ավելի ճանաչելի կդարձնի շատերի՝ այդ թվում նաև գիտական աշխարհի համար»,-ասաց պրոֆեսոր Գրիգորյանը:  

Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի դասախոս, կրտսեր գիտաշխատող Աշոտ Մխիթարյանը, ով պրոֆեսոր Գրիգորյանի հետ ևս մասնակցել է Համաշխարհային գյուտարարների ասոցացիաների ֆեդերացիայի (IFIA)  Գլխավոր ասամբլեայի 37-րդ պաշտոնական նստաշրջանին նշեց, որ սա հիանալի հնարավորություն է էլ ավելի ակտիվացնելու Հայաստանում գիտության ոլորտը: Երիտասարդ գիտնականը նշեց, որ մոտակա մեկ տարվա պլանը, որը պատրաստվում են  ներկայացնել,  լուրջ դեր կունենա ստարտափերի ընդգրկման, մրցույթների կազմակերպման և նորարարությունների ներկայացման հարցում: «Մեր համալսարանում էլ ներքին գիտական դրամաշնորհային մրցույթներ հաճախ են իրականացվում, որի արդյունքում ծնվում են շատ լավ գաղափարներ, որոնք կարելի է ներկայացնել միջազգային հանրությանը և ստանալ աջակցություններ»,- ընդգծեց երիտասարդ գիտնականը: 

Գիտաժողովի ընթացքում մեր մասնագետները մասնակցել են նաև զուգահեռ անցկացվող ցուցահանդես մրցույթին, որտեղ ծանոթացել են մի շարք գիտական աշխատանքների, որոնք իրականացվել են հենց այն մեթոդաբանությամբ, որոնք ներդնում են մեր համալսարանում՝ մասնավորապես շինությունների տեղեկատվական մոդելավորման BIM համակարգը: 

22.05.23