ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
2022 թ. սեպտեմբերի 17-24-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցավ Ճարտարապետության և դիզայնի ոլորտներում ավարտական աշխատանքների միջազգային ցուցահանդես, ստուգատես մրցույթ, որը կազմակերպել էր Կազանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Միջոցառմանը մասնակցում էր 58 ճարտարապետական բուհ, որից հինգը` ԱՊՀ երկրներից: Ստուգատես մրցույթին ներկայացվել է 699 աշխատանք, որից 201-ը դիզայն նախագծեր էին, մյուսները՝ ճարտարապետական ավարտական աշխատանքներ: Ներկայացված աշխատանքների շուրջ 35 տոկոսը մագիստրոսական, իսկ մնացածը բակալավրիատական են եղել:
ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետը ներկայացրել է 9 աշխատանք բակալավրիատից, 4 աշխատանք՝ մագիստրատուրայից։ Դիզայն ֆակուլտետը ներկայացրել է 5 աշխատանք բակալավրիատից, 2 աշխատանք՝ մագիստրատուրայից:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը, Ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պրոռեկտորներ, դեկաններ, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիաչներ: Բացմանն խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը. «Մեծարգո՛ պարոն Ղուլարյան, հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտներ, ողջունում եմ բոլորիդ: Ինչպես բոլորս գիտենք, տարիներ շարունակ մեր համալսարանը մասնակցել է այս միջազգային կարևոր մրցույթին, սակայն այս տարի ունենք աննախադեպ արդյունքներ․ Ճարտարապետության ֆակուլտետի կողմից ներկայացված բոլոր աշխատանքները զբաղեցրել են առաջին տեղը, Դիզայն ֆակուլտետից 3 աշխատանք զբաղեցրել է առաջին, 2-ը՝ երկրորդ տեղերը: Եվ այսօր ինձ համար մեծագույն հաճույք է խոսել այդ մասին, ներկայացնել արդյունքները, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս, հատկապես մեր շրջանավարտներին, ղեկավարներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ամբիոնների վարիչներին, դեկաններին, քանի որ սա տարիների ընթացքում ձեռք բերված աշխատանքի արդյունք է: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, սիրելի՛ շրջանավարտներ, կարող եմ ասել՝ արդեն գործընկերներ, դուք հպարտանալու առիթ եք տալիս և’ ձեր ծնողներին, և’ համալսարանին»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Նախագահ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների նախագահ Արմեն Ղուլարյանը. «Հարգարժա՛ն ռեկտոր, հարգելի՛ դասախոսներ, սիրելի՛ ուսանողներ, շրջանավարտներ, պրոֆեսորադասախոսական կազմ, , անսահման հպարտ եմ և ուրախ այսօրվա գեղեցիկ միջոցառմանը մասնակցելու համար: Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես մեր ուսանողներին: Այստեղ կարևորը մասնակցությունն է, որն արժանացել է բարձր գնահատանքի և շատ պատվաբեր է: Շնորհավորում եմ նաև Քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ մաղթելով հաջողություններ աշխատանքային գործունեության ընթացքում: Ցանկանում եմ, որ ձեր վարպետությունն օգտագործեք քաղաքների, բնակավայրերի, երկրի տնտեսության զարգացման համար: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»:
Միջոցառման վերջում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի շնորհակալագրերով պարգևատրվեցին միջազգային մրցույթի մասնակից ուսանողների շուրջ 15 ղեկավար դասախոսներ: