ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը, միջազգային վարչության խորհրդատու Արմեն Մինասյանն ու Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի դոցենտ Ավետիք Արզումանյանը Ճարտարապտության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի, Թավրիզի համալսարանի, Իրանի նանոտեխնոլոգիաների կենտրոնի և Իրանի երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության միջազգային ինստիտուտի հետ կնքված հուշագրերը կյանքի կոչելու նպատակով այցելել են Իրանի Իսլամական Հանրապետություն:
Նանոտեխնոլոգիաների կենտրոն այցելության ընթացքում մասնակցել են Իրանի նանոտեխնոլոգիաների 13-րդ միջազգային փառատոնին, որտեղ արտադրողները, համալսարանները, դպրոցականները ցուցադրել են իրենց նանոտեխնոլոգիական փորձերն ու արտադրանքները: Իրանի նանոտեխնոլոգիաների կենտրոնի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել համալսարանում ստեղծելու նանոտեխնոլոգիան քաղաքացիական ճարտարագիտության ոլորտի լաբորատորիա, որը կհամալրվի նանոտեխնոլոգիական սարքավորումներ արտադրող իրանական «Թավանա» ընկերության արտադրած սարքավորումներով:
Այնուհետև շրջայց է կատարվել Շարիֆի տեխնոլոգիական համալսարանում, որը «Նանոտեխնոլոգիան քաղաքացիական ճարտարագիտություն» ոլորտում մեր առաջարկով նախատեսում է կազմակերպել վերապատրաստման դասընթաց մասնագետների, ասպիրանտների ու բարձր կուրսի ուսանողների համար։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին կտրվի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի ավարտական հավաստագիր: Այցելել են նաև Թավրիզի համալսարան, որտեղ քննարկվել են երկկողմանի համագործակցության ուղիներ՝ ջրային ու գեոդեզիայի ոլորտներում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:
Թեհրանում տեղի է ունեցել հանդիպում Իրանի երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության միջազգային ինստիտուտի ղեկավար կազմի հետ, ծանոթացել են սեյսմիկ լաբորատորիային, որտեղ փորձարկումներ են իրականացնում իրական շենքի վրա։
Այցելության կարևորությունը պայմանավորված էր նրանով, որ համալսարանը հանդես եկավ հստակ առաջարկների փաթեթով, որի մեջ ընդգրկված էր նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի ու Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի առաջարկները: