1933 թ. փետրվարին շինարարական ինստիտուտը վերակազմավորվեց պոլիտեխնիկականի` ընդգրկելով նաև մինչ այդ առանձին գոյություն ունեցող քիմիատեխնոլոգիական ինստիտուտը: Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման ուղիներին ու պահանջներին համապատասխան` տարեցտարի ընդլայնվեց շինարարական ֆակուլտետի մասնագիտությունների ցանկը, ավելացավ դիմորդների թիվը:
Պատերազմի տարիներին մի շարք մասնագիտությունների գծով կազմակերպվեց ասպիրանտուրա, ինստիտուտը ստացավ գիտական ատենախոսությունների պաշտպանության իրավունք:
1955թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց ճարտարապետ Արտաշես Մամիջանյանի նախագծով կառուցված պոլիտեխնիկական ինստիտուտի նոր համալիրի կենտրոնական մասնաշենքը:
1959թ. շինարարական ֆակուլտետում գոյություն ուներ 6 մասնագիտություն` «արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն», «ճարտարապետություն», «հիդրոտեխնիկական շինարարություն», «ավտոմոբիլային շինարարություն», «ջրամատակարարում և կոյուղի», «ջերմագազամատակարարում»: Շինարարական ֆակուլտետը միշտ ճանաչվել է իր ուսումնաարտադրական և գիտահետազոտական բեղմնավոր գործունեությամբ: Հանրապետության արդյունաբերական և շինարարական գրեթե բոլոր խոշոր կառույցներն, ինչպես նաև ԽՍՀՄ մի շարք խոշոր օբյեկտներ իրականացվել են շինարարական ֆակուլտետի սաների միջոցով: 1974 թ. մայիսին շինարարական ֆակուլտետի հիմքի վրա ձևավորվեցին ճարտարապետաշինարարական և ինժեներաշինարարական ֆակուլտետները: Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի կազմի մեջ մտան «ճարտարապետություն», «արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն», «շինարարական կոնստրուկցիաների և շինվածքների արտադրություն», «շինարարության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտությունները: Ինժեներաշինարարական ֆակուլտետում դասավանդվում էին «գետային կառուցվածքների և հիդրոէլեկտրակայանների հիդրոտեխնիկական շինարարություն», «ջերմագազամատակարարում և օդափոխություն», «ջրամատակարարում և կոյուղի», «ավտոմոբիլային ճանապարհներ», «կամուրջներ և թունելներ» մասնագիտությունները:
Հայաստանում ինժեներական կադրերի պահանջը բավարարելու և ուսուցման գործընթացը մայրաքաղաքից հեռու բնակվողներին մատչելի դաձնելու նպատակով 1959 թվականին Գյումրիում և Վանաձորում ստեղծվեցին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղերը: Գյումրիի մասնաճյուղում 1960թ. կազմակերպվել է ուսուցում «արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտության գծով` սկզբում հեռակա, 1966 թվականից` երեկոյան, իսկ 1967 թվականից` ցերեկային բաժիններում: Վանաձորի մասնաճյուղում «արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտությունը բացվեց սկզբում երեկոյան ուսուցման բաժնում 1960-61 ուս. տարում: 1963-64 ուս. տարում այն կազմակերպվեց նաև մասնաճյուղի ցերեկային, 1964-65 ուս. տարում` երեկոյան բաժիններում:
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն օգնել է Դաղստանի Հանրապետությանը ինժեներական կադրեր պատրաստելու գործում: 1959 թ. սկսած` Դաղստանի կառավարական մարմինների խնդրանքով 25 դաղստանցի դիմորդներ արտամրցույթային կարգով ընդունվել և ավարտել են ինստիտուտը, նրանց մեծ մասը հատկապես շինարարական ֆակուլտետի շրջանավարտներ են:
Սկսած 1920-ական թվականներից` տեխնիկական ֆակուլտետի ընդունելության պլաններում ամեն տարի որոշակի տեղեր էին հատկացվում արտասահմանցի հայ երիտասարդների ուսուցման համար: Ֆակուլտետում և հետագայում պոլիտեխնիկական ինստիտուտում սովորել են մեծ թվով սփյուռքահայ երիտասարդներ Լիբանանից, Սիրիայից, Իրաքից, Իրանից, Հորդանանից, Բուլղարիայից, Կիպրոսից, Եգիպտոսից, Եթովպիայից, Ուրուգվայից, Արգենտինայից, Թուրքիայից և այլ երկրներից:
Հայկական ԽՍՀ նախարարաների խորհրդի` 1989 թ. հուլիսի 11-ի որոշմամբ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի համապատասխան ֆակուլտետների և ամբիոնների հիմքի վրա ստեղծվեց Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, որը 2000 թ. հուլիսին վերանվանվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, իսկ 2014 թվականին` Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան: Առանձին բուհի ստեղծման նպատակը ճարտարապետների և քաղաքաշինության բնագավառի մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավումն էր, ինչպես նաև շինարարության և հայկական ճարտարապետաշինարարական գիտության հետագա զարգացումը:
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի առաջին ռեկտորն է եղել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեստ Բեգլարյանը: 2006 թվականից համալսարանի ռեկտորն էր տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: 2014 թվականից համալսարանի ռեկտորն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանը:
2019 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ՃՇՀԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանին։
2020 թ նոյեմբերի 16-ին հոգաբարձունների խորհրդի նիստում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր ընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, համալսարանի ռեկտորի ժ․պ․ Եղիազար Վարդանյանը։
2016 թ. հոկտեմբերին նշվեց ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյա հոբելյանը, որին մասնակցեցին հանրապետության բուհերի ներկայացուցիչները, ԱՊՀ երկրների պատվիրակները, հյուրեր ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից:
Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետից մինչև ներկայիս Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն ընկած 97 տարիներին ճարտարապետաշինարարական մասնագիտությունների գծով բուհը տվել է է շուրջ 30 հազար շրջանավարտ, որոնցից շատերն իրենց ներդրումն են ունեցել երկրի ճարտարապետաշինարարական վերելքի գործում, դարձել գիտաշխատողներ, ուսումնական, նախագծային և շինարարական գործի հմուտ կազմակերպիչներ, ղեկավարել են ոլորտի զարգացման ընթացքը: Սկսած 1966 թվականից` Հայաստանում ճարտարապետի և շինարարի որակավորում են ստացել շուրջ 967 արտասահմանցի երիտասարդներ, որոնք, աշխատելով աշխարհի տարբեր երկրներում, բարձր են պահում իրենց կրթօջախի պատիվը` բերելով նրան լայն ճանաչում: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտնի է աշխարհի ճարտարապետաշինարարական մասնագիտությամբ լավագույն բուհերի շարքում: Դրա վկայությունն այն է, որ համալսարանի շրջանավարտները միշտ էլ առաջնակարգ տեղեր են գրավում միջազգային մրցույթներում և ստուգատեսներում, համալսարանի դիպլոմն այսօր ճանաչվում է աշխարհի մի շարք առաջավոր երկրներում: