ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Պատմություն

1921 թ. հոկտեմբեր  – Երևանի նորաստեղծ համալսարանում սկսեց գործել տեխնիկական ֆակուլտետը՝ հանրապետությունում ճարտարապետների ու շինարարների պատրաստման առաջնեկը՝ ինժեներաճարտարապետական և ինժեներահիդրոտեխնիկական մասնագիտություններով ու 38 ուսանողներով: 1920-ական թթ. տեխնիկական ֆակուլտետում կադրերի պատրաստման գործընթացը նպատակաուղղված էր ժամանակի համար արդիական սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:  Նորաստեղծ ֆակուլտետում դասախոսական աշխատանքի հրավիրված, Ռուսաստանի և Եվրոպայի մշակույթին հաղորդակից հայ մտավորականության շարքում էին ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանը, Հովհաննես Քաջազնունին, Նիկողայոս Բունիաթյանը, ջրաշինարար Գրիգոր Շիրմազանյանը, բազմաթիվ անվանի գիտնականներ ու դասախոսներ, նրանց թվում՝ Ալեքսանդր Հակոբյանը, Հարություն Զաքյանը, Հովհաննես Նավակատիկյանը, Զեբեթ Խոջանեթյանը, Արշակ Տոնյանը, Լևոն Մանուչարյանը, Լևոն Ռոտինյանը, Կիրյակ Զավրիևը, Գուրգեն Օգանեզովը, Աշոտ Տեր-Մկրտչյանը, Միքայել Վարունցյանը, Անդրեյ Գասպարյանը, Տիգրան Ջրբաշյանը, Ֆրեյդոն Աղալյանը, Հակոբ Կոջոյանը, Միքայել Մազմանյանը և  Արա Սարգսյանը:

Իր 100-ամյա գոյության ընթացքում ճարտարապետաշինարարական կրթօջախը պատրաստել է 30 000-ից ավելի մասնագիտական կադրեր, որոնք կերտել են մեր հայրենիքի նոր դիմագիծը:

1927 թ. – ինժեներաճարտարապետական մասնագիտությունը վերանվանվեց «քաղաքացիական շինարարություն», իսկ ինժեներահիդրոտեխնիկականը՝ «ճանապարհների և հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարություն»:

1928 թ.  – տեխնիկական ֆակուլտետը տվեց իր առաջին յոթ շրջանավարտները: 1928-1930 թթ. տեխնիկական ֆակուլտետն ավարտած առաջին շրջանավարտներին գործունեության լայն ասպարեզ էր սպասվում: Նրանք բոլորն էլ դարձան հայ նոր ճարտարապետության և շինարվեստի հաստատման գործի նվիրյալներ՝ դնելով նոր Հայաստանի ամրակառույց հիմքերը:

1930 թ. –  տեխնիկական ֆակուլտետի հիմքի վրա ստեղծվեց ՀԽՍՀ շինարարական ինստիտուտը, որի անդրանիկի տնօրենը դարձավ Միքայել Մազմանյանը:

1931-1932 թթ. – ինստիտուտն ունեցել է 465 ուսանող, որից 63 %-ն ապահովվել է կրթաթոշակով:

1931 թ. – փակվեց հիդրոտեխնիկական ֆակուլտետը:

1933 թթ. – ՀԽՍՀ շինարարական և քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ հիմնադրվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ երկու ֆակուլտետներով՝ շինարարական ու քիմիատեխնոլոգիական: Կ. Մարքսի մահվան 50-ամյակի կապակցությամբ ինստիտուտը կոչվեց նրա անվամբ: Ինստիտուտի տնօրեն նշանակվեց Միքայել Մազմանյանը:

1936 թ. – ինստիտուտի տնօրեն նշանակվեց մասնագիտությամբ ինժեներ-ճարտարապետ Համազասպ Ղանթաղչյանը:

1937 թ. – ինստիտուտի տնօրեն նշանակվեց մասնագիտությամբ ինժեներ-հիդրոտեխնիկ Աշոտ Մելիքջանյանը:

1937 թ. – ինստիտուտում դադարեցվեց ինժեներ-ճարտարապետի մասնագիտությամբ կադրերի պատրաստումը, որը վերսկսվեց 1943-1944 ուստարում:

1937 թ. – ինստիտուտը տվեց շինարարության էկոնոմիկայի գծով առաջին շրջանավարտները:

1938 թ. – շինարարության ֆակուլտետը բաժանվեց երկու առանձին ֆակուլտետների՝ շինարարական և հիդրոտեխնիկական, որոնք 1939 թ. վերամիավորվեցին, և կազմակերպվեց շինարարական ֆակուլտետ՝ երկու մասնագիտությամբ՝ «արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն», «հիդրոտեխնիկական շինարարություն»:

1939 թ. – շինարարական ֆակուլտետում ձևավորվեց երկու մասնագիտություն՝ «արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» ու «հիդրոտեխնիկական շինարարություն»:

1941 թ. – Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից ռազմաճակատ մեկնեց ինստիտուտի դասախոսների ու ուսանողների կեսը:

1943-1944 թթ. – ուսանողների աճով պայմանավորված՝ շինարարության ֆակուլտետը բաժանվեց շինարարական և հիդրոտեխնիկական ֆակուլտետների:

1944 թ. – ինստիտուտում կայացավ թեկնածուական թեզերի անդրանիկ պաշտպանությունը՝ շինարարական մասնագիտության գծով (պաշտպանողները՝ դասախոսներ Վելիխան Վալեսյան, Վաղարշակ Հովսեփյան):

1946 թ. – ինստիտուտի ռեկտոր նշանակվեց ինժեներ-շինարար Պետրոս Մելքոնյանը:

1949 թ. սեպտեմբեր – շինարարական ֆակուլտետի կազմում հիմնադրվեց «ջերմագազամատակարարում և օդափոխություն» մասնագիտությունը:

1949 թ. – դադարեցվեց ընդունելությունը ճարտարապետություն մասնագիտությամբ, որը վերսկսվեց 1951-1952 ուստարում:

1953 թ. – հիմնադրվեց հեռակա ուսուցումը՝ ընդհանուր տեխնիկական ֆակուլտետի կազմում, իսկ 1956 թ. նույն ֆակուլտետի  հիմքի վրա ստեղծվեցին երեկոյան և հեռակա ֆակուլտետները:

1955 թ. – բացվեց «ջրամատակարարում և կոյուղի» մասնագիտությունը:

1955 թ. սեպտեմբերի 1 – շահագործման հանձնվեց ճարտարապետ Արտաշես Մամիջանյանի նախագծով կառուցված նոր համալիրի կենտրոնական մասը:

1956 թ. – շինարարական ֆակուլտետում բացվեց «ջրամատակարարում և ջրահեռացում» մասնագիտությունը:

1957 թ. – լուծարվեց ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը՝ նրա մասնագիտությունները հանձնելով շինարարական ֆակուլտետին:

1959 թ. – շինարարական ֆակուլտետում կար 6 մասնագիտություն՝ «արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն», «ճարտարապետություն», «հիդրոտեխնիկական շինարարություն», «ավտոմոբիլային ճանապարհներ», «ջրամատակարարում և կոյուղի», «ջերմագազամատակարարում»:

1960-1961 թթ. – Կիրովականի մասնաճյուղում բացվեց «արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտությունը:

1961 թ. – ստեղծվեց հասարակական հիմունքներով գործող շինարարական տեխնիկում:

1962 թ. – բացվեց «շինարարական կոնստրուկցիաներ և շինվածքներ» մասնագիտությունը:

1965 թ. – ինստիտուտի ռեկտոր նշանակվեց Աշոտ Ասլանյանը:

1967 թ. սեպտեմբեր – բացվեց «շինարարության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտությունը:

1968 թ. – Կիրովականի մասնաճյուղում ստեղծվեց շինարարական ֆակուլտետ, որը գործեց մինչև 1992 թվականը:

1972 թ. – սկսեց գործել ճարտարապետական-շինարարական մասնագիտությունների գծով թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդը:

1974 թ. – շինարարական ֆակուլտետի հիման վրա կազմակերպվեցին ճարտարապետաշինարարական և ինժեներաշինարարական ֆակուլտետները:

1980 թ. – ինստիտուտի ռեկտոր նշանակվեց Ռաֆայել Մովսիսյանը:

1989 թ. – Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի համապատասխան ֆակուլտետների ու ամբիոնների հիման վրա ստեղծվեց Ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Ռեկտոր դարձավ Արեստ Բեգլարյանը:

1990 թ. – ստեղծվեցին շինարարության տեխնոլոգիայի և տրանսպորտային ֆակուլտետները:

1990 թ. – համալսարանում ստեղծվեց գիտական սեկտոր, և աշխատակիցների մեծ մասը ներգրավվեց գիտահետազոտական աշխատանքներում:

1991 թ. – սկսեց գործել շինարարության գծով թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության խորհուրդը, որը 1994 թ. բարձրացվեց դոկտորական կարգի:

1991 թ. հունիս – ստեղծվեց ասպիրանտուրայի բաժինը:

1996 թ. – ստեղծվեց ԵՃՇՊՀ հենակետային վարժարանը:

2000 թ. հուլիսի 7 – ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը վերանվանվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան:

2006 թ.  – ԵՃՇՊՀ ռեկտոր նշանակվեց Հովհաննես Թոքմաջյանը:

2007 թ. – Ա. Թամանյանի անվ. միջին մասնագիտական քոլեջը միացվեց համալսարանին՝ դառնալով նրա միավորներից մեկը:

2011 թ. – շահագործման հանձնվեց համալսարանի հենակետային՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի վերանորոգված շենքը:

2011 թ. – շարք մտավ համալսարանի նորակառույց մասնաշենքը:

2011 թ. – ի նշան բարեկամության՝ համալսարանի բակում տեղադրվեց կրթօջախի գործընկեր իտալական «Ռոմալդո բել Բիանկո» հիմնադրամի նվիրած՝ Լեոնարդո Դա Վինչիի կիսանդրին:

2011 թ. – ԵՃՇՊՀ-ում բացվեց «Ճարտարապետության և դիզայնի լավագույն դիպլոմային աշխատանքներ» միջազգային 20-րդ ցուցահանդեսը:

2012 թ. – համալսարանի խորհրդի նախագահ, իսկ 2014 թ.՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

2014 թ. – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:

2014 թ. հունվար – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը վերանվանվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:

2015 թ. նոյեմբեր – Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի իրականացրած «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացավ «Եվրոպա Նոստրա» միջազգային մրցանակին:

2015 թ. դեկտեմբեր – Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը ստացավ եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրում:

2016 թ. հոկտեմբեր – նշվեց  ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյա հոբելյանը, որին  մասնակցեցին հանրապետության բուհերի ներկայացուցիչները, ԱՊՀ երկրների պատվիրակներ, հյուրեր ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից:

2019 թ. դեկտեմբեր – ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանին։

2020 թ նոյեմբերի 16 – հոգաբարձունների խորհրդի նիստում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր ընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը։

 5,982 просмотров всего,  2 просмотров сегодня