ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մեր մասին

Համալսարանի միջազգային համագործակցությունը ներառում է արտասահմանյան քաղաքացիների ուսումնառության, համալսարանի միջազգային համագործակցության, գիտահետազոտական, միջազգային ծրագրերի մասնակցության ոլորտներ:

Իր հիմնադրման օրվանից համալսարանն ակտիվորեն համագործակցում է արտասահմանյան բուհերի և կազմակերպությունների հետ:

1989թ. – համալսարանում բացվել է Նախապատրաստական բաժինը: Այնուհետև բաժինը վերանվանվել է Միջազգային հարաբերությունների և օտարերկրյա սովորողների բաժին, Միջազգային կապերի և արտասահմանցի սովորողների վարչություն, Միջազգային կապերի դեպարտամենտ, Միջազգային կապերի վարչություն:

1990թ.-ից առ այսօր hամալսարանն ունի համագործակցության պայմանագրեր արտասահմանյան 29 երկրների 100-ից ավելի բուհերի և կազմակերպությունների հետ, առավել ակտիվ է համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Լեհաստանի, Չինաստանի, Իսպանիայի, Իրանի, Վրաստանի, Լիտվայի, Հնդկաստանի բուհերի և կազմակերպությունների հետ: Համագործակցության շրջանակում իրականացվում են պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների փոխանակումներ, համատեղ հետազոտական նախագծային աշխատանքներ, գիտաժողովներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, վերապատրաստման դասընթացներ և այլն:

1994թ.-ից սկսած ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտներին շնորհվող դիպլոմը ֆրանսիական կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվում է ֆրանսիականին համարժեք: Ճանաչման վերաբերյալ վերջին որոշումն ընդունվել է 2017թ. հունվարին՝ հինգ տարի ժամկետով:

1996թ.-ից սկսած մասնակցել է ավելի քան 20 TEMPUS-ի` Համալսարանական ուսումնասիրությունների միջեվրոպական շարժունության ծրագիր: Ներկայումս ՃՇՀԱՀ-ն ներգրավված է եվրոպական և տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրերում, ինչպիսիք են TEMPUS, Erasmus Mundus, Linaeus Palme, DAAD, IREX, Еrasmus + և այլն: ERASMUS+ միջազգային կրթական ծրագրերի շրջանակում իրականացնում են պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների փոխանակման ծրագրեր՝ Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Լիտվայի, Ղազախստանի հետ:

2008թ.-ից – վարչության ենթակառուցվածքում բացվել է Միջազգային և միջբուհական համագործակցության բաժինը:

2010թ.-ից – Բոլոնիայի գործընթացի շրջանակներում իրականացվում են ուսանողների կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ փոխանակումներ՝ կրեդիտների պահպանման և փոխանցելիության սկզբունքով:

2011թ. – Միլանի պոլիտեխնիկի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» երկամյա վերապատրաստման ծրագիրը, 2013-2014 ուսումնական տարվա ընթացքում՝ «Ճարտարապետական վերականգնում» և «Շինհրապարակի ղեկավարում» մեկամյա վերապատրաստման դասընթացները: Նախագիծն արժանացել է միջազգային

կարևորագույն Եվրոպա Նոստրա-2015 գլխավոր մրցանակին «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում:

2013թ.-ից – վարչության ենթակառուցվածքում բացվել է Արտասահմանցի սովորողների բաժինը:

2013-2014թթ. – AERES Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման գործակալությունն իրականացրել է համալսարանի ինստիտուցիոնալ գնահատման գործընթացը: 2015թ. Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) և Իսպանիայի Որակի գնահատման և հավատարմագրման ազգային գործակալության (ANECA) հետ համագործակցության արդյունքում հայաստանյան բուհերից առաջինն անցավ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց՝ ստանալով եվրոպական հավատարմագրման վկայական:

2014թ. – հիմնվել է Ակադեմիական նվաճումների կենտրոնը՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամակցության շրջանակներում:

2017թ.-ից – ներգրավված է կարևոր գործնական նշանակություն ունեցող Եվրամիության IACOBUS ծրագրում, որի անդամներն են Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցը, Իսպանիայի Կորունիայի համալսարանը և Գերմանիայի Ռեգենսբուրգի համալսարանը, Բելգիայի Լյովեն քաղաքի ճարտարապետական դպրոցը:

2017թ.-ից – Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հետ եռակողմ միջհամալսարանական համագործակցության շրջանակներում իրականացվում է համատեղ մագիստրոսական երկամյա կրթական ծրագիր՝ §Նախագծերի կառավարում¦ մասնագիտությամբ:

2017թ.-ից – ՀՀ-ում Լիտվայի դեսպանության հետ համագործակցության շրջանակներում բացվել է լիտվացի հանրահայտ արվեստաբան, համեմատական արվեստի հետազոտությունների հիմնադիր, հայկական պատմաճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և հանրահռչակման գործում մեծ ավանդ ունեցող Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անկյուն: Յուրաքանչյուր տարի սահմանվում է Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան մրցանակ՝ համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի պատմամշակութային ժառանգության պահպանությանը նվիրված տարվա լավագույն ավարտական աշխատանքի համար:

2020թ. – բացվել է Լեզուների կենտրոնը և Ռուսաց լեզվի կենտրոնը:

Համալսարանն արտերկրում (Ֆրանսիա, Գերմանիա, ՌԴ, Բելառուս, Չինաստան, Իտալիա, և այլն) և Հայաստանում կազմակերպում է համատեղ ուսանողական նախագծային շաբաթներ, շինարարական ջոկատներ, ամառային դպրոցներ, սեմինարներ՝ նաև առցանց եղանակով:

Համալսարանում արտասահմանցի ուսանողների ուսումնառությունն իրականացվում է հայերեն, անգլերեն լեզուներով: Խմբերի առկայության դեպքում կարող է կազմակերպվել, ինչպես ռուսերենով, այնպես էլ ֆրանսերենով:

2020-2021 ուսումնական տարում համալսարանում ուսումնառում է արտասահմանյան 14 երկրների 151 ուսանող (Սիրիա, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Լիբանան, Իրաք, Հնդկաստան, Թուրքիա, Եգիպտոս, Ուկրաինա, Հորդանան, Ղազախստան, Ուզբեկստան, Էկվադոր):

 994 просмотров всего,  8 просмотров сегодня