(010) 303-300
Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն

«Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն» մասնագիտացմամբ ճարտարագետը հանդիսանում է լայն պրոֆիլի մասնագետ, ով կարող է աշխատել ինչպես շինարդյունաբերության ձեռնարկություններում, այնպես էլ շինարարական հրապարակներում՝ որպես պրակտիկ շինարար-կառուցապատող։

Աշխարհում շինարարական նյութերի և պատրաստվածքների արտադրությունը տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է, որի արդյունքում շինանյութերի անվացուցակը խիստ ընդլայնվում է։ Ցանկացած շենքի և շինության երկարակեցությունը, անվտանգությունն ու հուսալիությունը պայմանավորված է ճիշտ ընտրված շինարարական նյութերով, պատրաստվածքներով և կոնստրուկցիաներով։ Շինարարությունում կիրառվող  տարբեր ֆունկցիոնալ բնութագրերով բազմաթիվ նյութերի ճիշտ ընտությունն ու կիրառումը՝ կախված շահագործման պայմաններից, կարող են իրականացնել ինժեներ-շինարար-տեխնոլոգները և շինարար-փորձագետները, այսինքն այն մասնագետները, ովքեր ունեն շինարար-տեխնոլոգի  և շինարար-փորձագետի որակավորում։

Մասնագիտական բարձր գիտելիքներ հաղորդելու նպատակով ամբիոնին կից ստեղծվեց ուսումնագիտափորձարարական լաբորատորիա, որը հագեցված է ժամանակակից եվրոպական արտադրության սարքերով ու սարքավորումներով։ Այն նպաստում է բակալավրիատում ուսուցանվողների տեսական գիտելիքների ամրապնդմանը՝ լաբորատոր աշխատանքների ժամանակ կատարվող փորձրակումներով, իսկ մագիստրոսներին՝ հնարավորություն է ընձեռնվում իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ։

 «Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն» մասնագիտությամբ բակալավրը, կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.

  • Մոդելավորել և կառուցել տեղական հումքով շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրամասեր, ինչպես նաև շենքեր և շինություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին,
  • գնահատել հումքանյութերի և պատրաստի արտադրանիքի որակը և իրականացնել կառույցների հետազոտում ու փորձաքննություն,
  • տեղամասերում և արտադրամասերում իրականացնել շինարարական նյութերի ու պատրաստվածքների արտադրության ողջ ցիկլի ղեկավարում, պահանջվող հատկություններով արտադրանք ստանալու համար՝ կանխարգելելով խոտանի առաջացման պատճառները: