(010) 303-300

Ինչպես դիմել

Միասմական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլն ընդգրկում է`

  1. Տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների, օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից առավելագույնը 2 միասնական քննությունների առարկաների առցանց հայտագրումը.
  2. Տվյալ տարվա հունվարին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը:

           Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով: Ներբուհական կամ երկրորդ փուլի միասնական քննությունների հայտագրումը, ինչպես նաև մասնագիտության հայտագրումը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից կիրականացվեն 2026թ. ապրիլի 15-ից մայիսի 10-ը` մինչև ժամը 18:00  dimord.am  կայքի միջոցով:

Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Ներբուհական քննությունները կանցկացվեն հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով։

Օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մայիսի 10-ից մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երկրորդ փուլում՝  հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում` dimord.am կայքի միջոցով:

Մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլն ընդգրկում է տվյալ տարվա հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդների կողմից մեկ կամ ավելի բուհ մինչև վեց մասնագիտության առցանց հայտագրումը, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական գնահատականներ:

 Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է`

  1. Միասնական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500-ական (3000) դրամ վճարի անդորրագիրը (900018003401),
  2. Ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար բուհի հաշվեհամարին փոխանցված 1500-ական (3000) դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը (15100-01964940200):

Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության  դիմում-հայտ:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները:
  • 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից:
  • Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված դիմորդները՝ քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
  • Դիմորդը (մրցույթի արդյունքներն ամփոփվելուց և հաստատվելուց հետո) բուհին ներկայացնում է սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք: