ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Պետական բյուջեից ֆինանասավորվող ծրագրեր

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ և ԶԱՐԳԱՑՈՒՄ»   ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

  1. «Շինարարության և քաղաքային տնտեսության գիտահետազոտական լաբորատորիայի պահպանում և զարգացում» ծրագիր, ղեկավար՝ Ե.Վարդանյան

Ծրագրի նպատակն է քաղաքացիական ճարտարագիտության ոլորտում իրականացնել միջազգային մակարդակի գիտահետազոտական աշխատանքներ և գործնական նշանակություն ունեցող նախագծեր, մասնավորապես ջրային տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների և ճանապարհների, սեյսմակայուն շինարարության, նոր սերնդի կոմպոզիտային շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների, շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման, ինժեներական գեոդեզիայի, ինչպես նաև ջերմագազամատակարարման և օդափոխության ոլորտներում: Ծրագրի շրջանակներում իրականացվում են հիմնարար և կիրառական այնպիսի հետազոտություններ, որոնց միջոցով լուծվում են նաև երկրի համար առաջնային հանդիսաացող ոլորտային խնդիրները:

  1. Քաղաքաշինության և ճարտարապետության գիտահետազոտական լաբորատորիայի պահպանում և զարգացում» ծրագիր, ղեկավար՝ Կ.Ազատյան

Ծրագրի նպատակն է քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտներում ծավալվող բազմակողմանի գործընթացների ռազմավարական ուղղությունների զարգացումը, ճշգրտումը և գիտականորեն հիմնավորված ներդրումային առաջարկությունների ձևակերպումը` համապատասխանեցնելով դրանք ՀՀ-ի արդի սոցիալ-տնտեսական պայմաններին և միջազգային ընդունված պահանջներին: Հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝ տարածական պլանավորումը, բնակավայրերի տարածահատակագծային կազմակերպումը, բնակելի, հասարակական և արդյունաբերական կառույցների ճարտարապետությունը, ճարտարապետության պատմությունը, ճարտարապետամշակութային և բնության հուշարձանների պահպանությունը։ Ստացվող արդյունքները կարող են ներդրվել ՀՀ-ում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծրագրերում, ինչպես նաև օգտակար կլինեն քաղաքաշինության և ճարտարապետության ասպարեզին առնչվող տեղական և միջազգային տարաբնույթ հետազոտական աշխատանքների մշակմանը:

  1. «Շինարարական խնդիրների բնագիտամաթեմատիկական մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի պահպանում և զարգացում» ծրագիր, ղեկավար՝ Մ.Բարսեղյան.

Ծրագրի նպատակն է նյութերի ֆիզիկաքիմիական, ինչպես նաև մեխանիկական հատկությունների տեսական ուսումնասիրումը և մաթեմատիկական մոդելավորումը, ինչը թույլ կտա շինարարության ոլորտում էներգախնայողության արդյունավետության բարձրացմանը, նոր այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների ընդլայնմանը, շենքերի և շինությունների ձայնամեկուսացման խնդիրների լուծմանը, սեյսմակայուն շինարարության զարգացմանը։ Ծրագրի նպատակն է նաև բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես BIM ներդրումը շենքերում և շինություններում, ինչպես նաև պլանավորել զրոյական արտանետումներով շինությունների մոդելներ, որոնք մեծ ներդրում կունենան կանաչ ճարտարապետության և շինարարության զարգացման գործում։

 

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԾՐԱԳԻՐ (2021-2023ԹԹ.)

«Բազալտային թելքերի և ածխածնային նանոկառուցվածքների հավելումներով նոր սերնդի կոմպոզիտային բետոնե պաշտպանական կոնստրուկցիաների նախագծում և պատրաստում»,- 37996000 ՀՀ դրամ, ծրագրի ղեկավար՝ Ա.Արզումանյան:

Ծրագրի հիմնական նպատակն է տեղական հումքանյութերի կիրառմամբ ստանալ կոմպոզիտային բետոններով երկակի նշանակության կոնստրուկցիաներ, որոնք իրենց հիմնական հատկություններով չեն զիջի համանման արտասահմանյաններին, կունենան ավելի բարձր որակական ցուցանիշներ և այլ երկրներից ներմուծվող նյութատեխնիկական ապահովման տեսանկյունից կլինեն անկախ, իսկ ֆինանսական տեսանկյունից՝ շահավետ։  

Այս հետազոտությունը նոր հնարավորություն կընձեռի բացառապես տեղական ելանյութերով ստանալ պահանջվող հատկություններով կոմպոզիտային բետոններ, ինչը պաշտպանական ու ռազմական կառույցների շինարարությունը կդարձնի ավելի արդյունավետ։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ՆՅՈՒԹԱԿԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԾՐԱԳԻՐ 2021Թ

 «3D բետոնի տպիչ (3D concrete printer)»,- 133000000 ՀՀ դրամ, ծրագրի ղեկավար՝ Ե. Վարդանյան

Սարքի առկայությունը հնարավորություն կընձեռի ստանալ նոր տեսակի կոմպոզիտային բետոններով պատրաստվող ճարտարապետական և կոնստրուկտիվ բարդ կառուցվածքով կոնստրուկցիաներ ու շինություններ՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոլորտում տարբեր տեսակի պաշտպանական բնույթի թաքստոցներ պատրաստելուն։ Գործնականում բացի հետազոտական աշխատանքների իրականացումից, ներկայացվող բետոնի 3D տպիչը կարող է ծառայել նաև արտադրական ոլորտի համար։ Հարկ է նշել, որ ավանդական շինարարությունը գնալով իր տեղը զիջում է այսպես ասած «տպիչային» շինարարության և այս առումով անհրաժեշտ է ՃՇԱՀ-ի հետազոտական պոտենցիալը ուղղել ժամանակին համահունչ տեխնոլոգիական մշակումներին։ Մյուս կողմից, նման ժամանակակից հետազոտությունները կադրերի պատրաստման բնագավառում կատարում են բեկումնային դեր և բարձրացնում մեր շրջանավարտների մասնագիտական հմտությունները։ 

 

ԱՌԱՋԱՏԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԾՐԱԳԻՐ (2021-2023թթ.)

«Բետոնի ֆիզիկամեխանիկական հատկությունների կառավարումն ածխածնա­յին նանոկառուցվածքների միջոցով»,- 156000000 ՀՀ դրամ, ծրագրի ղեկավար՝ Մ. Բարսեղյան։

Այս նախագծի հիմնական նպատակը կոմպոզիտային բետոնի ֆիզիկական և մեխանի­կա­կան հատկությունների արդյունավետ կառավարումն է` օգտագործելով տարբեր տեսակի ածխածնային նանոկուցվածքներ: Ուսումնասիրությունները կիրակա­նաց­վեն ինչպես փորձ­­նական, այնպես էլ տեսական եղանակներով:

Մեր նպատակն է առաջարկել տարբեր տեսակի ածխածնային նանոխողովակներ,  նանոթելեր և նանոգնդեր` որպես բետոնի հավելանյութ, բետոնի ֆիզիկական և մեխանիկական հատկությունների, մասնավորապես սեղման ամրության, ջրաթա­փան­ցելիության, ռեոլո­գիական հատկությունների, ջերմահաղորդականության, մաշելիության և սառնակա­յունության հատկություններն արդյունավետ կառավարելու նպատակով:

Այս հետազոտությունը նոր հնարավորություն կընձեռի ստանալ կոմպոզիտային բետոն, որի կիրառումը շինարարության մեջ (ինչպես նաև ռազմական), մասնավորապես բետոնի 3D տպագրության տեխնոլոգիաներում, կդարձնի ավելի արդյունավետ.

  1. ժամանակի խնայողությունը
  2. երկարակեցեւթյեւնը
  3. սեյսմակայունությունը
  4. ցածր ինքնարժեքը

 

 ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԾՐԱԳՐԵՐ

  1. «Բնակելի կառուցապատման վերակառուցման և արդիականացման հիմնախնդիրները Երևան քաղաքում»,- 16780000 ՀՀ դրամ, ծրագրի ղեկավար՝ Կ. Ազատյան –(2021-2024 թթ.)

Թեմայի նպատակն է կատարել բնակելի կառուցապատման վերակառուցման, արդիականացման միջազգային և տեղական փորձի համեմատական վերլուծություն և մշակել Երևանում տվյալ գործընթացի հետագա զարգացմանն ուղղված, գիտականորեն հիմնավորված կիրառական նշանակության առաջարկներ։ Պայմանավորված բնակելի կառուցապատման սկզբունքային բաղադրիչներով՝ հետազոտությունների հիմնական ուղղությունները երկուսն են՝ թաղամասեր, որտեղ պետք է լուծվեն կառուցապատման մակարդակի խնդիրները (ճանապարհներ, ենթակառուցվածքներ, կառուցապատում, կանաչապատում) և բազմաբնակարան շենքեր, որտեղ պետք է լուծվեն բնակելի միավոր տարրի մակարդակի խնդիրները (սեյսմակայունություն, էներգաարդյունավետություն, գեղագիտություն, ինժեներական համակարգեր)։ Աշխատանքները կատարվում են միջազգային և տեղական փորձի ուսումնասիրության, ձևավորված իրավիճակի վերլուծության և խնդիրների կարգավորմանն ուղղված առաջարկների մշակման տրամաբանությամբ։ Ստացվող արդյունքները կարող են ներդրվել Երևանում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակվող ծրագրերում, ինչպես նաև օգտակար կլինեն հանրապետության և այլ երկրների տարբեր քաղաքներում իրականացվող բնակելի կառուցապատման վերակազմավորմանն առնչվող գործընթացներին։

  1. «Մշակել կոնյակագործության թափոնների (բարդա) խտացաման, կոնսերվացման և օգտագործման համալիր բնապահպանական միջոցառումների համակարգ»,- 15000000 ՀՀ դրամ, ծրագրի ղեկավար՝ Ս.Սահակյան – (2021-2023թթ.)

Նախագծի նպատակն է՝ մշակել կոնյակագործության թափոնների (բարդա) կոնսերվացման և օգտագործման նոր մեթոդներ, որոնք կապահովեն բարձր տնտեսական արդյունավետություն և բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռություն: Այդ նպատակին հասնելու համար կկիրառվեն թորման տարբեր մեթոդներ և կուսումնասիրվի բարդայի տարբեր աստիճանի խտացման ազեցությունը՝ դրա որակական և քանակական հատկությունների վրա: Կբացահայտվի բարդայի խտացման օպտիմալ կոնցենտրացիան, որը կապահովի տնտեսական արդյունավետություն և միաժամանակ կպահպանի դրա որակական ցուցանիշները, կճշտվեն խտացված բարդայի կիրառման չափաբաժինները որպես քիմիական մելիորանտ՝ աղուտ-ալկալի հողեր յուրացման համար, ինպես նաև որպես պարատանյութ՝ մշակաբույսերի սննդային ռեժիմի կարգավորման համար: Կգնահատվի բարդայի խտանյութի կիրառման հնարավորությունները հիդրոպոնիկ ջերմոցներում ջրի որակի բարելավման գործընթացում: Կտրվեն  բարդայի խտացման և օգտագործման տնտեսական արդյունավետության ցուցանիշները:

 

 

 1,077 просмотров всего,  6 просмотров сегодня