(010) 303-300

ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

ՃՇՀԱՀ-ում իրականացվում են պետական ֆինանսավորմամբ իրականացվող հետևյալ ծրագրերը՝

  • Գիտական և գիտատեխնիկական բազային ֆինանսավորմամբ իրականացվող «Ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» դրամաշնորհային ծրագրեր. 
  • «Շինարարության և ճարտարապետության գիտահետազոտական լաբորա­տորիայի պահպանում և զարգացում», Ազատյան Կ.։

Ծրագրի նպատակն է քաղաքացիական ճարտարագիտության ոլորտում իրականացնել միջազգային մակարդակի գիտահետազոտական աշխատանքներ և գործնական նշանակություն ունեցող նախագծեր, մասնավորապես ջրային տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների և ճանապարհների, սեյսմակայուն շինարարության, նոր սերնդի կոմպոզիտային շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների, շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման, ինժեներական գեոդեզիայի, ջերմագազամատակարարման և օդափոխության ոլորտներում, Ինչպես նաև քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտներում ծավալվող բազմակողմանի գործընթացների ռազմավարական ուղղությունների զարգացումը, ճշգրտումը և գիտականորեն հիմնավորված ներդրումային առաջարկությունների ձևակերպումը` համապատասխանեցնելով դրանք ՀՀ-ի արդի սոցիալ-տնտեսական պայմաններին և միջազգային ընդունված պահանջներին: Ծրագրի շրջանակներում իրականացվում են հիմնարար և կիրառական այնպիսի հետազոտություններ, որոնց միջոցով լուծվում են նաև երկրի համար առաջնային հանդիսաացող ոլորտային խնդիրները:

Հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝ տարածական պլանավորումը, բնակավայրերի տարածահատակագծային կազմակերպումը, բնակելի, հասարակական և արդյունաբերական կառույցների ճարտարապետությունը, ճարտարապետության պատմությունը, ճարտարապետամշակութային և բնության հուշարձանների պահպանությունը։ Ստացվող արդյունքները կարող են ներդրվել ՀՀ-ում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծրագրերում, ինչպես նաև օգտակար կլինեն քաղաքաշինության և ճարտարապետության ասպարեզին առնչվող տեղական և միջազգային տարաբնույթ հետազոտական աշխատանքների մշակմանը:

  • «Շինարարական խնդիրների մոդելավորման գիտահետազոտական լաբորա­տորիայի պահպանում և զարգացում», Բարսեղյան Մ.։

Ծրագրի նպատակն է նյութերի ֆիզիկաքիմիական, ինչպես նաև մեխանիկական հատկությունների տեսական ուսումնասիրումը և մաթեմատիկական մոդելավորումը, ինչը թույլ կտա շինարարության ոլորտում էներգախնայողության արդյունավետության բարձրացմանը, նոր այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների ընդլայնմանը, շենքերի և շինությունների ձայնամեկուսացման խնդիրների լուծմանը, սեյսմակայուն շինարարության զարգացմանը։ Ծրագրի նպատակն է նաև բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես BIM ներդրումը շենքերում և շինություններում, ինչպես նաև պլանավորել զրոյական արտանետումներով շինությունների մոդելներ, որոնք մեծ ներդրում կունենան կանաչ ճարտարապետության և շինարարության զարգացման գործում։

 

 Երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների մրցույթում հաղթած ծրագիր  (2023-2025թթ.). Բարսեղյան Մ.։

  • «Միկրո և նանո չափանի մասնիկների և բազալտի թելքերի հավելումներով նոր սերնդի բետոնների ստացման և դրանց կիրառմամբ երկաթբետոնե կոնստրուկցիաներով պաշտպանական կառույցների նախագծում և փորձարկում», Բարսեղյան Մ.։
  • Նախագծի նպատակն է փորձնական և տեսական մեթոդներով հետազոտել և առաջարկել երկաթբետոնե կոնստրուկցիաների պաշտպանիչ հատկությունները բարձրացնելու նորարարական մեթոդներ՝ բետոնի բաղադրակազմում միկրո և նանո չափերի մասնիկներ (ՀՀ-ում առկա թափոններից ստացված) և բազալտե մանրաթելեր ներառելով: Երկաթբետոնը լայնորեն կիրառվում է շինարարության մեջ, մասնավորապես պաշտպանական կառույցներում՝ շնորհիվ իր բարձր ամրության, երկարակեցության և պայթյունի նկատմամբ մեծ կայունությամբ։ Առաջարկվող նախագծի նպատակն է բարելավել վերոնշյալ հատկությունները՝ բետոնի բաղադրակազմ ներմուծելով օպտիմալ քանակի միկրո և նանո չափերի մասնիկներ (կոնցենտրացիան՝ ըստ ցեմենտի զանգվածի, նչպես նաև բազալտի թելքեր։ Հետազոտության արդյունքները կարող են հեղափոխել շինարարության արդյունաբերությունը՝ ապահովելով նոր սերնդի երկաթբետոնե կոնստրուկցիաների բարելավված պաշտպանիչ հատկություններ։

Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների մրցույթում հաղթած ծրագիր (2021-2026թթ.).

  • «Բետոնի ֆիզիկամեխանիկական հատկությունների կառավարումն ածխածնային նանոկառուցվածքների միջոցով» (ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ՝ համագործակցելով Դրեզդենի տեխնիկական համալսարանի Շինարարական նյութերի ինստիտուտի հետ), Բարսեղյան Մ.։

Նախագիծը նվիրված է ածխածնային և մետաղ-ածխածնային նանոկառուցվածքային հավելանյութերով նոր սերնդի նանոկոմպոզիտային բետոնների ստացմանը և դրանց ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրմանը՝ կախված նանոկառուցվածքների տեսակից, չափերից, ինչպես նաև ցեմենտի նկատմամբ դրանց քանակական կոնցենտրացիայից։ Նանոկառուցվածքների կոնցենտրացիայի արժեքների լայն տիրույթի համար կորոշվի նանոկոմպոզիտային բետոնների սեղման և ձգման ամրությունների, ջրաթափանցելիության, ջերմահաղորդականության գործակցի, սառնակայունության, մաշելիության և հոսելիության օպտիմալ արժեքները։ Վերջավոր էլեմենտների մեթոդով կիրականացվի նաև ֆիզիկամեխանիկական հատկությունների մոդելավորում։ Կմշակվեն այնպիսի ֆիզիկամեխանիկական հատկություններով օժտված բետոններ, որոնց կիրա-ռությունը կբարձրացնի 3D բետոնի տպիչի աշխատանքի արդյունավետությունը։

 

Գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր (2025-2026թթ.)

  • «Օդատիեզերական պատկերների միջոցով շենք-շինությունների հայտնաբերման և քարտեզագրման մեքենայական ու խորը ուսուցման ալգորիթմների մշակում և ներդրում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում», Մարգարյան Ա.։

Ծրագրի նպատակն է օդատիեզերական պատկերների միջոցով շենք-շինությունների հայտնաբերման մեքենայական և խորը ուսուցման ալգորիթմի մշակումը ու ներդրումը ԱՏՏԵ-ում՝ փորձարկելով ՀՀ անկանոն և կանոնավոր ճարտարապետական տեսք ունեցող շենք – շինություններով բնակավայրերի վրա, որի արդյունքում ՀՀ կադաստրային քարտեզների հետ համեմատությանբ հնարավոր կլինի բացահայտել և քարտեզագրել ինքնակամ շինությունները։

 «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի 1 շահառու (2025-2027թթ.).

  • «Շենքերի տեղեկատվական մոդելավորման (BIM) հնարավորությունները ժառանգության պահպանության մեջ», Զալինյան Դ.։

Այս հետազոտության առաջնային նպատակն է մշակել Շենքերի տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ), Արհեստական բանականության (ԱԲ), 3D մոդելավորման, Վիրտուալ իրականության (ՎԻ) գործիքների ինտեգրման շրջանակ՝ հուշարձանների վերականգնման, հետազոտության, պահպանման և կառավարման համար: Այն կհամախմբի այս գործիքների ընձեռած հնարավորությունները ժառանգության պահպանության գործընթացում` տրամադրելով մանրամասն պատկերացումներ, որոնք ադեցություն ունեն ինչպես անմիջական վերականգնման, այնպես էլ երկարաժամկետ պահպանման պլանավորման վրա: Բացի այդ, հետազոտությունը կուսումնասիրի թվային գործիքների դերը միջգիտակարգային համագործակցության ամրապնդման գործում:

 

«ՃՇՀԱՀ ԿՈՂՄԻՑ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ 
ԿԱՐԳԻ»   համաձայն,  2025թ. համար ներկայացված 9 հայտերից, ըստ ոլորտների, հաղթող են ճանաչվել առավել բարձր միավորներ ստացած հետևյալ թեմաները.

  1. «Ճարտարապետություն» ոլորտում՝ «Շրջակա միջավայրի հետ մեկտեղված հայկական միջնադարյան գյուղական բնակելի տների ու գյուղերի տեսակները, շինարարական արվեստը և ճարտարապետությունը» թեման (թեմայի ղեկավար՝ Սամվել Շահինյան, ուսանողներ՝ Մարիամ Սարգսյան, Ռիմա Ծորմուտյան).
  2. «Տեխնիկական գիտություններ» ոլորտում (միջամբիոնային)՝«Բնակելի շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումների տնտեսական արդյունավետության գնահատման նոր հայեցակարգի մշակում» թեման (թեմայի ղեկավարներ՝ Աննա Քարամյան, Զարա Մանվելյան, ուսանողներ՝ Մարիամ Սարգսյան, Արտակ Հակոբյան).
  3. «Շինարարություն» ոլորտում՝ «Բետոնի խնամքի եղանակների համակարգում և բարելավման առաջարկությունների ներկայացում» թեման (թեմայի ղեկավար՝ Արմինե Ղուլյան, ուսանողներ՝ Ռոբերտ Նորամիրյան, Խաչիկ Կիրակոսյան).
  4. «Դիզայն» ոլորտում՝ «Բնակելի շենքերին էներգետիկ անկախություն և նոր կերպար հաղորդող արևային վահանակների համակարգի հայեցակարգային առաջարկ» թեման (թեմայի ղեկավար՝ Անահիտ Պետրոսյան, ուսանողներ՝ Դիանա Մնացականյան, Արմինե Խաչատրյան).
  5. «Երիտասարդ հետազոտողների միավորում» ոլորտում՝ «Բազմաբնակարան բնակելի շենքերի տվյալների բազայի ստեղծման մեթոդաբանության մշակում ՀՀ առանձին բնակելի հատվածի օրինակով» թեման (թեմայի ղեկավար՝ Մեսրոպ Սահակյան, ուսանողներ՝ Լուսինե Եղիյան, Մարիամ Քոչարյան, Արևիկ Նազարյան):

Յուրաքանչյուր թեմայի համար տրամադրվող դրամաշնորհը կազմում է երկու միլիոն դրամ:

 

 

2024թ.

2023թ.

2022թ.

2021թ.