ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը իր հարկի տակ էր ընդունել  Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի համաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել կոնվենցիայի գործադիր քարտուղար Մագելոն Դեժան-Պոնը և օտարերկրյա փորձագետներ Տապիո Հեյկիլան, Միրնա Բոժիչը, Իլեանա Կիսիլևիչն ու Մարտա Ռոդրիգեսը։

Եռօրյա միջոցառման առանցքում լանդշաֆտի հիմնախնդիրների և դրա վերաբերյալ կրթական ծրագրերի դիտարկումն էր։ Փորձագետները, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսները քննարկել են տարբեր երկրների լանդշաֆտային քաղաքականությունը, շեշտադրել քաղաքաշինական ծրագրերում հավասարակշռությունը պահպանելու և բնությունը չվնասելով զարգացման ծրագրեր իրագործելու անհրաժեշտությունը:

Եզրափակիչ օրը համաժողովին ներկա են եղել նաև ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանն, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և այլ պատվավոր հյուրեր, ովքեր անդրադարձել են Լանդշաֆտի կոնվենցիայից բխող պարտավորությունների շրջանակում Հայաստանում իրագործվող միջոցառումներին։

Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև «Լանդշաֆտային կրթական գործունեություն տարրական դպրոցների համար» մանկավարժական գրքույկի շնորհանդեսը։ Այդ առիթով Երևան էին եկել Սյունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների աշակերտները։ Փորձագետները գրքույկում ներկայացված մեթոդով երեխաներին նախնական գիտելիքներ են փոխանցել լանդշաֆտի վերաբերյալ, որից հետո առաջարկել իրենց պատկերացումներն արտահայտել նկարների միջոցով։ Փորձագետները և Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մեծ հետաքրքրությամբ դիտարկել են փոքրիկ նկարիչների աշխատանքները և բոլորին շնորհել հավաստագրեր։ 

Եվրոպայի խորհրդի լանդշաֆտային կոնվենցիայի գործադիր քարտուղար Մագելոն Դեժան-Պոնը կարևորել է կոնվենցիայի կրթական ուղղությունը, որի շրջանակում երեխաները սովորում են գիտակցել իրենց պատասխանատվությունը շրջապատող լանդշաֆտի նկատմամբ։ Նա շնորհակալություն է հայտնել կոմիտեի աշխատակիցներին և նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանին, ում ջանքերով պատրաստվել է մանկավարժական գրքույկի հայերեն տարբերակը և կայացել համաժողովը։

 255 просмотров всего,  1 просмотров сегодня

15.06.22

 256 просмотров всего,  2 просмотров сегодня