Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր հյուրընկալվել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Այցն իրականացվել էր մեր համալսարանի հրավերով, իսկ նպատակը՝ համագործակցության հնարավոր եզրեր գտնելը:

Դեսպանի և ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ հանդիպմանը ներկա էին պրոռեկտորներ Մարինա Ղազարյանը, Վարդգես Եդոյանը, Ճարտարապետության ֆակուլտետի փոխդեկան Արմեն Շատվորյանը, Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը, Գիտական խորհրդի քարտուղար Լևոն Լևոնյանը:

Ողջունելով դեսպան Տագուչիին՝ Գագիկ Գալստյանը ներկայացրեց համալսարանի հիմնական կրթական ուղղությունները, համագործակցությունները՝ տարբեր երկրների համալսարանների հետ, իրականացվող գիտաժողովները: Ռեկտորն առանձնահատուկ կերպով նշեց Չինաստանի հետ համագործակցության փաստը՝ հույս հայտնելով, որ ապագայում կապեր կհաստատվեն նաև Ճապոնիայի հետ:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով, որ բարձր է գնահատում կրթության ոլորտը, հատկապես, փորձի փոխանակումները: Նա խոստովանեց, որ, թեև, ծանոթ չէ հայկական ճարտարապետությանը, այնուամենայնիվ հասցրել է նկատել, որ Հայաստանում առկա է ոչ միայն հայկական, այլև տարածաշրջանի ճարտարապետական ժառանգության շունչը:

Դեսպան Տագուչին մեր համալսարանին նվիրեց ճապոնացի պրոֆեսոր, փորձագետի աշխատությունը՝ նվիրված մեր տարածաշրջանի ճարտարապետությանը:

Փոխադարձ նվերներից, մեր և ճապոնական կրթական մակարդակին, ճարտարապետության և շինարարության ոլորտների առանձնահատկություններին ծանոթանալուց հետո որոշվեց՝ այսօրվա հանդիպումը դիտարկել՝ որպես համագործակցության մեկնարկ: Դեսպանն իր աջակցությունը հայտնեց մեր և ճապոնական համալսարանների, ճարտարապետական ու շինարարական դպրոցների հետ հնարավոր փոխգործակցության, ուսանողների և դասախոսների փորձի փոխանակումների հարցերում:

Հանդիպման ավարտին դեսպան Տագուչին շրջեց համալսարանում, ծանոթացավ լաբորատորիաներին, արվեստանոցներին և իր ակնհայտ հիացմունքն արտահայտեց:

27.09.17

1,448  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր