(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մամուլի հաղորդագրություն

Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանը (ՃՇՀԱՀ) կարևորում է երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը տուրիզմի զարգացման ոլորտում: 2016-ի փետրվարի 2-ին ՃՇՀԱՀ-ում, ԷՐԱՍՄՈՒՍ+ ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ` տուրիզմի կառավարման և կիրառական երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական» խորագրով ծրագիրը :

«Երկրատեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և դրանց ներդրումը տուրիզմի ոլորտում կնպաստի նոր բացահայտումների և կխթանի ոլորտի զարգացմանը: Հայաստանը գեղատեսիլ բնությամբ օժտված, հետաքրքիր և յուրօրինակ ճարտարապետություն ունեցող հնագույն մշակութային ժառանգություն կրող երկիր է և մենք պետք է այսօր պատրաստենք միջազգային որակավորում ունեցող կադրեր, որոնք իրենց գիտելիքներով կզարգացնեն ոլորտը: Այս տեսանկյունից առավել նշանակալի է եվրոպական և մեր հարևան Վրաստանի բուհերի հետ համագործակցությունը:»,-ողջունելով ներկաներին ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր` Գագիկ Գալստյանը:

Ծրագրի նպատակն է միջառարկայական բարեփոխումներ իրականացնել բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերում (մագիստրոսական մակարդակում և շարունակական կրթության բնագավառում), ինտեգրելով երկրատեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք կիրառելի են մշակութային ժառանգության փաստաթղթավորման, տուրիզմի կառավարման և ձեռներեցության ոլորտներում:

«Նախագիծը իրականացվելու է կոնսորցիումի միջոցով, որի անդամներն են չորս եվրոպական, վեց վրացական և վեց հայկական գործընկերներ: Ծրագիրը կնպաստի ՀՀ-ում և Վրաստանում տուրիզմի զարգացմանը: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ՃՇՀԱՀ-ին առանց որի աջակցության այս ծրագիրը իրականություն չէր դառնա:»,-Ներկայացնելով ծրագիրը ասաց ծրագրի համակարգող` Լուիս Ֆերնանդեսը (Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարան):

«Բարձրագույն կրթության միջկառավարական բարեփոխումներ` տուրիզմի կառավարման և կիրառական երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական» ծրագիրի գործունեության երեք տարիների ընթացքում նախատեսվում է դասընթացների կազմակերպում համագործակցող բուհերում, ուսանողների փոխանակում, դասախոսների վերապատրաստում, երկրատեղեկատվական լաբորատորիաների հիմնում, զարգացում, նոր գործիքների համալրում: Ծրագրի ավարտից հետո կստեղծվեն նոր մագիստրոսական դասընթացներ երկրատեղեկատվական տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտում, որոնց ուղղվածությունն է լինելու մարկետինգը և ձեռներեցությունը:

ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար` Ժասմեն Վիլյան

02.02.2016

02.02.16