(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հին իրերին՝ նոր շունչ. Ցուցահանդես՝ ՙարտ լաբորատորիա՚-ում

Ապրիլի 22-ին «Արտ Լաբորատորիա» մշակութային խմբավորման արվեստանոցում բացվեց ՙШкаф՚, ՙГоден до…՚, ՙСхема УНТ 35՚, ՙУпаковщик N 833՚ քառանվամբ ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված կոլաժներն ընդհանուր մեծ ինստալացիա էին կազմում:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Արտ Լաբորատորիա» մշակութային խմբավորման արվեստագետներ Էդգար Ամրոյանի, Կարեն Օհանյանի, Հովնան Քարտաշյանի, Սամվել Վանոյանի ու արվեստաբան, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի արվեստի պատմության դասախոս Գոհար Վարդանյանի, արվեստագետ Իննա Խոլոդովայի ուղղորդմամբ ու մասնակիցների հետ անմիջական աշխատանքի շնորհիվ:

Մասնակիցները տարբեր բուհերի ուսանողներ էին, այդ թվում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի եւ համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջի ուսանողները: Ուսանողները հավաքվել էին այս մեկ միասնական պլատֆորմում` միմյանց հետ շփվելու, նոր կապեր ձեռք բերելու, երկխոսություն հաստատելու ու թիմային արդյունավետ աշխատանքի արդյունքում մեկ միասնական գործ ստեղծելու նպատակով: Կազմակերպիչների հավաստմամբ՝ միայն նման աշխատանքի արդյունքում է հնարավոր խթանել կրթական որակն ու ճաշակը և կիրառել տեսական գիտելիքները:

Ինչպես պատմեց ՃՇՀԱՀ արվեստի պատմության դասախոս Գոհար Վարդանյանը, ի սկզբանե արվեստանոցի պահարանը լի էր Խորհրդային տարիներին կիրառելի լամպե հեռուստացույցի եւ մագնիտոֆոնի դետալներով, որոնք արվեստանոցի տերն առաջարկել է դեն նետել: Սակայն, այդ պարունակությունից ազատվելու փոխարեն ծնվել է դրանց նոր շունչ տալու և ցուցահանդես կազմակերպելու գաղափարը:

Գ. Վարդանյանի մեկնաբանմամբ՝ պահարանը, դիտարկելով որպես հնի ու նորի միջեւ ընկած տարածք, կազմակերպիչները որոշել են «ազատագրել» այդ իրերը և իրենց ֆունկցիոնալ նշանակությունից զրկելով՝ տեղակայել իմաստային այլ տիրույթում:

Վերակենդանացնելով, փաթեթավորելով մերօրյա հեռուստատեսության համար ժամկետն անց ու կիրառումից դուրս եկած սխեմայի դետալները՝ ցուցահանդեսի հեղինակները դրանք նորովի բացահայտելու հնարավորություն են տվել և դարձրել  արվեստի գործեր` արդեն իսկ անժամկետ իրեր:

29.04.16