(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Բալտրուշայտիսի անվան մրցանակակիրը հայտնի կդառնա հոկտեմբերին

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հանդիպումը ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի և պրոռեկտորների հետ աշխատանքային էր, սակայն, ինչպես դեսպանն ինքն է նշում, արդեն ավանդական ու բարեկամական:

Դեռևս 2 տարի առաջ Լիտվայի դեսպանին մեր համալսարան ուղղորդեց լիտվացի պատմաբան, արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի՝ հայկական պատմությանն ու մշակույթին նվիրված ՙՋուղան Արաքս գետի ափին և նրա հուշակոթողները՚ աշխատությունը հայ հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը: Ռեկտոր Գալստյանի հետ բազմաթիվ հանդիպումներից ու քննարկումներից հետո որոշվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ստեղծել հայանպաստ գործունեություն ծավալած արվեստաբաններին ու արվեստագետներին նվիրված անկյուն, ինչպես նաև շնորհել Բալտրուշայտիսի անվան մրցանակ:

Այսօրվա հանդիպումն ամփոփիչ քննարկում էր: Ողջունելով դեսպանին՝ ռեկտոր Գալստյանը նշեց, որ Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակն ուսանողների համար և ոգևորիչ է, և ճանաչողական: Այն առիթ է ծանոթանալու մեծ հայագետ Բալտրուշայտիսի կատարած աշխատանքներին: Այնուհետև դեսպանը

ներկայացրեց մրցույթի անցկացման կարգը, ժամկետներն ու մրցանակները: Նշենք, որ Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակը սահմանել է Պետրոս Ալոյանի անվան հիմնադրամը՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ: Մրցանակը շնորհվելու է ՙՊատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում՚ անվանակարգով համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի տարվա լավագույն ավարտական աշխատանքի հեղինակին:

Մրցույթին ներկայացվող 5 աշխատանքների նախնական ընտրությունն իրականացվելու է Ճարտարապետության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից՝ հունիս ամսվա ընթացքում:

Հանձնախմբի որոշում պարզ կլինի արդեն սեպտեմբերի վերջին, իսկ մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի վերջին տասնօրյակում: Նշենք, որ բացի դրամական պարգևից, Բալտրուշայտիսի անվան մրցանակակիրը կստանա նաև հավաստագիր:

24.05.17