(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Արվեստանոց, որտեղ չստեղծագործելն անհնար է

Ուսանողից լավ մասնագետ դառնալու համար միայն դասախոսությունները բավարար չեն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ստեղծագործող ուսանողներին: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սա ոսկե կանոն է, ինչի արդյունքում, շարունակաբար, բացվում են բազմաթիվ լաբորատորիաներ ու արվեստանոցներ, աշխատանքային ու ստեղծագործական միջավայրեր, որտեղ յուրաքանչյուր ուսանող իրեն հարմարավետ է զգում:

Օրերս, մեր համալսարանի 95 ամյակին նվիրված միջոցառումների շարքում բացվեցին հերթական՝ բացառիկ ու լավագույն պայմաններով, սարքավորումներով հագեցած լաբորատորիաները և արվեստանոցները:

Դրանց շարքում հատկապես աչք շոյող ու իր տեսակի մեջ անգերազանցելի է Ճարտարապետական նախագծման արվեստանոցը. ինքնատիպ դիզայնով, ճարտարապետական լուծումներով և կահավորանքով միջավայր, որը, ինչպես մեր զրույցի ընթացքում նշեց Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավարի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցը, վստահաբար, լավագույնն է աշխարհում:

«Արվեստանոցն այնպիսին է, որ սովորելու նկատմամբ նույնիսկ ամենաանտարբեր ուսանողն առավոտյան արթնանալիս շտապելու է այնտեղ»,- նկատեց Կ. Ռաշիդյանցը՝ հավելելով, որ ստեղծագործական ու ջերմ միջավայրն արդյունք է նաև ամբիոնի դասախոսներ Լիանա Աղաջանյանի, Ավետիս Խաչատրյանի, Կատրին Խանոյանի վառ երևակայության ու մտքի:

Արվեստանոցը նախատեսված է դիպլոմային աշխատանքների համար: Անսպառ ժամանակ, մտածելու, ստեղծագործելու և նախագծելու համար անհրաժեշտ հարմարանքներ ու պայմաններ. սա է բարձրակարգ ու յուրատիպ մտքով տարբերվող մասնագետ դառնալու գլխավոր նախապայմանը:

14.11.16