(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏՆԻ Է ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ

Այսօր հայտնի դարձավ լիտվացի պատմաբան, արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակակիր ուսանողի անունը: Աշխատանքների ներկայացման, մրցույթի ամփոփման և հաղթողի անունը հրապարակելու արարողությանը ներկա էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՙՊետրոս Ալոյան՚-ի անվան հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանը, ՙՄեդիամաքս՚ լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, դասախոսներ և ուսանողներ:

Սարգիս Թովմասյանը ներկայացրեց մրցույթին ներկայացված մասնակիցներ Արմինե Քթոյանին, Մարգարիտ Առուստամյանին, Պոլին Քեշիշյանին, Շողեր Խաչատրյանին և Դավիթ Նահապետյանին, որից հետո ժյուրիի անդամները որոշեցին հաղթողին: Քննարկումից հետո միաձայն որոշվեց Բալտրուշայտիսի անվան մրցանակը՝ 1500 եվրոյին համարժեք դրամը, հանձնել Շողեր Խաչատրյանին: Ի հավելումն նշվեց, որ առաջիկա 5 տարիներին նույնպես մրցույթն անցկացվելու է, և մրցանակը լինելու հաղթող ուսանողի մագիստրատուրայի վերջին կուրսի վարձավճարը:

Հիշեցնենք, որ Բալտրուշայտիսի անվան մրցանակ շնորհելու գաղափարը ծնվել էր դեռևս մայիս ամսին, երբ աշխատանքային այցով մեր համալսարան էր ժամանել դեսպան Էրիկաս Պետրիկասը: Այդ պահից մեկնարկեցին մրցույթի անցկացման կարգը, ժամկետներն ու մրցանակները սահմանելու աշխատանքները: Որոշվեց, որ  ՙՊետրոս Ալոյան՚-ի անվան հիմնադրամի, ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ կազմակերպվող մրցույթի՝ ՙՊատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում՚ անվանակարգով մրցանակը շնորհվելու է Ճարտարապետության ֆակուլտետի տարվա լավագույն ավարտական աշխատանքի հեղինակին: Հունիս ամսվա ընթացքում՝ Ճարտարապետության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից մրցույթին ներկայացվեցին 5 աշխատանք, որոնցից լավագույնն էլ այսօր արժանացավ մրցանակի:

 

28.08.17