(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈ’Ր ԾՆՈՒՆԴԴ, ՎԱՐՊԵ’Տ

ՙԵրբ գնում եք բնության մեջ նկարելու, արդյո՞ք որևէ երաժշտական գործիք եք տանում Ձեզ հետ, որովհետև Ձեր կտավներից մեղեդի է հորդում՚,- հարցրեց երաժիշտը վարպետին:                                                                                                              ՙԿնոջս եմ տանում…՚:

Այսօր Հայաստանի Ազգային գրադարանում ՀՀ ժողովրդական և վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ցերեկույթ էր:

Մերօրյա մեծ հայի՝ Թաթոսի կողքին էին նրա ընկերները, հարազատները, ընտանիքի անդամները, և, պարզապես արվեստագետներ, ովքեր Հրանտ նկարչի գույնի ու ձևի սիրահարներն են:

Իր բազմաթիվ ելույթներում ու հարցազրույցներում Թաթոսը հաճախ է շեշտում, որ կտավը պիտի ստեղծվի ինքն իրեն, նկարչի ձեռքը պիտի շարժվի ինքն իրեն՝ ինքնաբուխ՝ օդից, ներշնչանքից: Հենց այսպես էլ ծնվում են Հրանտ Թադևոսյանի կտավները՝ նրա ուրիշ կարմրով ներկված կակաչները, ուրիշ ոչ մի տեղ չհանդիպող կապույտ ամպերն ու միայն իրեն հատուկ բորբ դեղինն ու խոնավ կանաչը:

Նկարչի մեծարման ցերեկույթին ներկա բոլոր հյուրերն ասելու շատ բան ունեին՝ հիշում էին Թաթոսի հետ անցկացրած տարիները, մեկնաբանում նրա կտավները, բայց բոլորի խոսքերում միևնույն խոստովանությունն էր՝ վարպետի նկարներին նայելիս ավելի խորն ու ազատ ես շնչում:

Հոբելյանական միջոցառմանը ներկա էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, պրոռեկտորներ և դասախոսներ.

ՙՀպարտություն է ապրել և աշխատել մի վայրում, որտեղ, քո կողքով կենդանի լեգենդ է քայլում, մերօրյա հերոս ու ազգի հպարտություն՚,- նշեց ռեկտոր Գալստյանը՝ հավելելով, շուրջ 10-ը տարի աշխատելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Հրանտ Թադևոսյանը դարձել է յուրաքանչյուր ուսանողի պարծանքն ու օրինակը: Ռեկտոր Գալստյանը մեր համալսարանի կողմից գրադարանին նվիրեց նաև Հրանտ  Թադևոսյանի նկարներն ամփոփող գիրքը:

Ավելի քան 3000 կտավ, ցուցահանդեսներ՝ աշխարհի լավագույն ցուցասրահներում և կտավներ՝ տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: Իսկ արդեն ապրիլի 20-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահում կկայանա Հրանտ Թադևոսյանի 80 ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:

ՙԻմ և բնության սերը փոխադարձ է, և ես շնորհակալ եմ Աստծուց, որ այս փոխհամաձայնությունը կայացել է՚,- եզրափակեց վարպետը:

18.04.18