(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մեր համալսարանի ներդրումը՝ վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգման գործում

Զինվորը բոլորիս ընտանիքի անդամն է, ով մշտապես մեր հոգածության և աջակցման կարիքն ունի: Երևանի պետական բժշկական համալսարանի նախաձեռնած վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոնի ստեղծման նպատակը զինվորներին ժամանակին և հավուր պատշաճի բուժծառայություն մատուցելն է: Արդեն գործող բաժանմունքը բազմաֆունկցիոնալ, անհրաժեշտ տեխնիկայով հագեցած կենտրոնի վերածելու գործին լծվել են բոլորը:

Այդ առթիվ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը զինվորներին մարտի 8-յան բացիկներ է պատվիրել, որոնցից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է վերականգնողական կենտրոնին:

Այս կարևորագույն նախաձեռնությունից անմասն չի մնացել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Ռեկտոր Գագիկ Գալստյանի հանձնարարակով Բժշկական համալսարանի «Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից» նախագծին իր ամբողջ ներուժով միացավ նաև մեր համալսարանը:

Ի դեպ,  երկու բուհերի ղեկավարները որոշել են ամրապնդել միջբուհական համագործակցությունը, այս նախագծի շրջանակներում, մասնավորապես  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների ձեռքով նկարված 90-ից ավելի նկարներ փոխանցվել են բժշկական համալսարանին՝ հետագայում ցուցահանդես վաճառք կազմակերպելու նպատակով, և  վաճառքից ստացված ողջ գումարը նույնպես կփոխանցվի զինծառայողների վերականգնողական կենտրոնին:

Նշենք նաև, որ կենտրոնի վերականգնման և վերանորոգման աշխատանքները վստահված են հենց մեր համալսարանին: Արդեն մոտ ապագայում մեր համալսարանի մասնագետները կգնահատեն շենքի վիճակը և կձեռնարկեն կենտրոնի վերականգնողական աշխատանքները:

09.03.17