(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայ-Իտալական համագործակցություն՝ ուղղված հուշարձանների վերականգնմանը

Հայ-իտալական մշակութային համա­գործակցության շրջա­նակում «Հուշարձանների վերականգնման տարա­ծա­շր­ջանային կեն­տրոնի» ստեղծ­ման և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մասնագետների վերապատրաստման նոր ծրագիր սկսելու կապակցությամբ՝ Հայաստան է ժամանել Իտալիայի ԱԳ նախարարության համագործակցութան զարգացման գոր­ծակալության փորձագետ, ճարտարապետ Ռիտա Գոնելլիի գլխավորած պատ­վիրա­կությանը, որի կազմում են նաև ծրագրի հայաստանյան ղեկավար Գայանե Կազնատին և Միլանի պոլիտեխնիկի դասախոս Մարիա Քրիստինա Ջամբրունոն:

Իսկ Հայաստան, իտալացի մասնագետների այցը, հստակ հասցեագրված էր՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Տեղյակ լինելով մեր համալսարանում գործող հուշարձանների ախտորոշման,

մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման լաբորատորիայի մասին, նրանք հյուրընկալվել էին՝ համագործակցության մեծ ցանկությամբ ու առաջարկով:
Հյուրերին մեր հարկի տակ ընդունեցին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և պրոռեկտորները:

Ողջունելով իտալացի պատվիրակներին՝ Գագիկ Գալստյանը, նախ, շնորհակալություն հայտնեց Գ. Կազնատիին՝ Միլանի պոլիտեխնիկի և մեր համալսարանների միջև կապերն ամուր պահելու համար, ապա՝ «Հուշարձանների վերականգնման տարա­ծա­շր­ջանային կեն­տրոնի» ստեղծման գաղափարը: Ռեկտորը նշեց, որ մեր համալսարանը, Հայաստանում լինելով միակ ճարտարապետներ պատրաստող կրթօջախը և, արդեն իսկ իր պատերի ներսում ունենալով հուշարձանների պահպանման, վերականգնման լաբորատորիա և համապատասխան մասնագետներ, բաց է ցանկացած համագործակցության համար: Նա տեղեկացրեց նաև, որ մոտ ապագայում լաբորատորիան կվերածվի ընդարձակ կենտրոնի, որտեղ տեղակայված հզոր ու բացառիկ սարքերն առավել արդյունավետ կդարձնեն աշխատանքը:

Արև Սամուելյանը կարևորեց նման ոչ պաշտոնական մթնոլորտում ընթացող հանդիպումը, ինչը, նրա խոսքերով, ավելի է ընդգծում փոխադարձ ջերմ ու հարազատ կապը: Ի հավելումն՝ տիկին Գոնելլին նույնպես ողջունեց արդեն շարունակական դարձած համագործակցությունը և հույս հայտնեց, որ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած նոր նախաձեռնությունը կյանքի կոչվելով՝ Երևանում կստեղծվի ազգային, միջազգային և անհատական մոտեցումներով վերականգնողական կենտրոն:

Արդյունքում՝ որտեղ և ինչ հիմունքներով կկառուցվի կենտրոնը, Մշակույթի փոխնախարարի խոսքով, պարզ կդառնա նախարարի հետ քննարկումներից ու բանակցություններից հետո:

29.09.16