(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՏԱԼՈՒՀԻՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐԸ

Հայ-իտալական մշակութային համա­գործակցության շրջա­նակում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ու Միլանի պոլիտեխնիկի միջև շարունակվում են դասախոսների և ուսանողների փոխադարձ այցերը:

Դեռևս անցյալ տարվա հուլիսի 19-ին, մեր համալսարան ժամանած Միլանի պոլիտեխնիկի վերականգնման բաժնի ղեկավար, ճարտարապետ Գայանե Կազնատիի և ռեկտոր Գագիկ Գալստյանի հանդիպման ժամանակ քննարկվեց մեր համալսարանի նորաստեղծ Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի վերազինման, զարգացման հեռանկարների հնարավորությունը: Գ. Կազնատին փոխանցեց Միլանի Պոլիտեխնիկի պատրաստակամությունը՝ ճարտարապետական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված՝ մեր համալսարանի ծրագրերի իրականացմանն աջակցելու գործում:

Քննարկումն ու որոշումները շուտով տեղափոխվեցին իրականացման դաշտ ու մեկնարկեցին դասախոսների և ուսանողների փորձի փոխանակման ծրագրերը:

Օրեր առաջ՝ հերթական անգամ, մեր համալսարան ժամանեց Միլանի պոլիտեխնիկի պատվիրակությունը, որի կազմում էին դասախոսներ Սիլվիա Դեմետրին, Ֆեդերիկա Ալբերգան և մեկ ուսանող:

Այս անգամ իտալուհիներին մեր երկիր ու համալսարան էր բերել Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտ գտնվող, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայ քրիստոնեական Երերույքի տաճարը՝ որպես ավարտական աշխատանքի թեմա: Արդեն 3 օր է՝ իտալական պատվիրակությունը՝ մեր համալսարանի ուսանողների հետ տեղում իրականացնում է չափագրումներ, հետազոտություններ, ուսումնասիրում եկեղեցու պատերի ու քարերի ճաքերի խորությունը, դրանց վերականգնման հնարավոր տարբերակներն ու միջոցները:                                                                                                                                         Երեկ իտալական պատվիրակությանն էին միացել նաև մեր համալսարանի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ դոցենտ Էմմա Հարությունյանը, Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի վարիչ Մարինա Բունիաթյանը, Գեոդեզիայի ամբիոնի վարիչ Սուրեն Թովմասյանը:

Երերույքի պատկերն ամբողջականացնելու, եռաչափ պատկերներ ստանալու և աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար՝ տարածքը հետազոտության ենթարկվեց նաև մեր համալսարանի սկանավորման սարքով: Սակայն, իտալական պատվիրակությունը վստահ է, որ միայն Երերույքի տաճարի ուսումնասիրությունը բավարար չէ՝ տարածքին ծանոթանալու, տեղի աշխարհագրական, ճարտարապետական, հոգևոր ու կենցաղային առանձնահատկությունները ցույց տալու և նախագիծը համապարփակ դարձնելու համար: Այդ նպատակով՝ նրանք շրջում են գյուղում, ծանոթանում սահմանամերձ գոտում բնակվողների նիստուկացին, բնավորությանը, նրանց սոցիալական վիճակին ու կարիքներին, ինչը, ըստ նրանց, կնպաստի ոչ միայն Երերույքի վերականգնման աշխատանքներին, այլև համայնքում կստեղծի միջավայր, որը կզարգացնի նաև տուրիզմը:

 

25.10.17