(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՙՀայկական տան՚ մոդելներն ամփոփվեցին կատալոգում

Այսօր Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ՙՀայկական տուն՚ նախագծերի կատալոգի շնորհանդեսը: Կատալոգը հրատարկվել է ՙՄոնԱրխ՚ ընկերության նախաձեռնությամբ և հովանավորությամբ, ինչպես նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսների և ուսանողների անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ:

Հայաստանում յուրատիպ ՙՀայկական տուն՚ ստեղծելու գաղափարը ծնվեց դեռևս 2 տարի առաջ, երբ ռուսաստանաբնակ հայազգի  գործարար, «ՄոնԱրխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանը այցելեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Գործարարը մեր համալսարան էր եկել հատուկ առաքելությամբ ու առաջարկով՝ որևէ հայկական գյուղում ստեղծել հայկական տան մոդել, որն իր ճարտարապետաշինարարական կերտվածքով ու կենցաղով զբոսաշրջիկին կպատմեր հայի դարավոր մշակույթի ու նիստուկացի մասին: Առաջարկն ընդունվեց միանշանակորեն և մեր համալսարանի ճարտարապետները, դիզայներներն ու շինարարները լծվեցին այդչափ կարևոր գործին: Ուսումնասիրելով Հայաստանի բնակավայրերը, նրանք, հիմք ընդունելով տեղի բնակավայրերի համար անհատական բնակելի տների ճարտարապետահատակագծային առանձնահատկությունները, ավանդույթները, մշակեցին արդիական լուծումներով վերակառուցման նախագծեր:

Այսօր արդեն դասախոսների և ուսանողների մտքից ծնված նախագծերը ներկայացան կատալոգի տեսքով: Շնորհանդեսին ներկա էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը, նախագծի մասնակից ուսանողները և հյուրեր: Նրանք ողջունեցին նախագիծը և կարևորեցին դրանում հատկապես երիտասարդների ներդրումը, ովքեր ազնվորեն են մոտենում հայկական ճարտարապետական ժառանգությանը և առաջարկում նոր լուծումներ՝ անդավաճան մնալով ակունքներին:

14.04.17