Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԵՐ

Նորից տարեմուտ է, ինչը ենթադրում է, որ տարին ամփոփելու, դեպքերն ու իրադարձությունները հավաքագրելու ժամանակն է: Այս ավանդույթը նաև առիթ է՝ հաջորդ տարում բացթողումները լրացնելու, անելիքները հստակեցնելու և Նոր տարին՝ սպասելիքներով ու դրական տրամադրվածությամբ դիմավորելու համար:

Մեր համալսարանում տարին, գրեթե առանց բացառության, սկսվում է դրական նոտայով: 2017թ-ը մեկնարկեցինք Ֆրանսիայից նորությամբ: Հայտնի դարձավ, որ  մեր համալսարանի ճարտարապետի հայկական դիպլոմը, առաջիկա 5 տարիների համար, ընդունված որոշման համաձայն, կրկին ճանաչելի է Ֆրանսիայում և հավասարազոր՝ ֆրանսիական պետական դիպլոմին:

Եվրոպայի հետ կապը մեր համալսարանի առանցքային ուղղություններից մեկն է և, վստահաբար, գտնվում է ամուր հիմքերի վրա: Մենք ուժեղ և մրցունակ ենք մեր միջազգային կապերով, առաջատար համալսարանների հետ համագործակցության պայմանագրերով, փոխադարձ այցերով ու մրցանակներով: Այսպես, տարին մեկնարկեց մեր և Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի միջև կնքված համաձայնագրով, ըստ որի կիրականացվի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակում և հնարավորություն կընձեռվի մշակութային ժառանգությանն ու գոեինֆորմացիոն տեխնոլոգիաներին վերաբերող նախագծի կառավարման ոլորտում ստանալ երկաստիճան կրթական որակավորում:

Հետագա համագործակցության խնդիրներ քննարկվեցին նաև Լեհաստանի Չեստոհովա քաղաքի Տեխնոլոգիական համալսարանի հետ, ուր մեկնել էին ռեկտոր Գագիկ Գալստյանը և Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը:

Ամենանշանակալին, թերևս, սեպտեմբերի կնքված համաձայնագիրն էր՝ մեր և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև: Համաձայնագրի ստորագրումը ՃՇՀԱՀ-ի, ՀՊՏՀ-ի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի «Նախագծերի կառավարում»՝ զբոսաշրջության և անշարժ գույքի ոլորտներում անվանումով համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկային միջոցառումն էր, որի համար հիմք էր ծառայել 3 համալսարանների միջև արդեն իսկ կնքված պայմանագիրը: Արարողությանը ներկա ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նախաձեռնությունն աննախադեպ համարեց այն առումով, որ դրանում ներգրավված են երկու հայաստանյան և մեկ արտասահմանյան բուհ: Նրա խոսքերով՝ այս ծրագիրն ապացույցն է այն բանի, որ Հայատանը շարունակում է մնալ կրթական առաջխաղացման դաշտում:

Տարին առատաձեռն էր մեր համալսարանի նկատմամբ նաև միջազգային հարթակներում արժանացած պարգևների և մրցանակների առումով: Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում իրականացվող միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության հետ ակտիվ համագործակցության համար՝ Պաշտպանության նախարարի հրամանով, պատվոգրերով և գերատեսչական մեդալներով  խրախուսվեցին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ԻՀՏԿ ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը, ՇԱՏԿ ամբիոնի վարիչ Վարդգես Գրիգորյանը: ՃՇՀԱՀ-ի Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արկադի Բարխուդարյանը և ՀՀ վաստակավոր նկարիչ, մեր համալսարանի դասախոս Հրանտ Թադևոսյանը համալրեցին Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամների շարքերը՝ որպես հայկական կողմը ներկայացնող օտարերկրյա անդամներ: Նույն տարում Հրանտ Թադևոսյանը պարգևատրվեց նաև Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով: Ճարտարապետների օրվա առթիվ՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով  պարգևատրվեց ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը՝ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում ունեցած երկարամյա կառավարման ու գիտամանկավարժական բեղուն գործունեության համար:

Հաջողություններն ուղեկից էին նաև ուսանողներին: Ռուսաստանի Տյումեն քաղաքի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում անցկացված միջազգային ամենամյա «Золотая АрхИдея» ճարտարապետական նախագծերի մրցույթից վերադարձանք 1-ին և 2-րդ կարգի դիպլոմներով: Եկատերինբուրգ քաղաքում անցկացված Ճարտարապետության, դիզայնի և արվեստի աշխատանքների միջազգային 26-րդ մրցույթ-ցուցահանդեսից մեր ճարտարապետներն ու դիզայներները վերադարձան 23 առաջին, 13՝ երկրորդ կարգի դիպլոմներով և հատուկ մրցանակներով:

Մեր համալսարանի ուսանողները գնահատված են նաև սեփական կրթօջախի հարկի ներքո: Ռեկտոր Գագիկ Գալստյանը դեռևս անցյալ տարի հայտնեց համալսարանի նախկին ուսանող և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ սահմանելու մասին: Որոշվեց, որ կրթա­թոշակ կտրամադրվի այն 3 ուսանողներին, ովքեր ծառայել են Հայոց բանակում կամ մասնակցել քառօրյա պատերազմին: Այս տարի մայիսին հայտի դարձան կրթաթոշակին արժանացած ուսանողների անունները՝ Տարոն Հայրապետյան, Հայկ Գևորգյան, Վահան Հարությունյան: Ամռանն էլ հայտարարվեց լիտվացի պատմաբան, արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակակիր ուսանողի անունը: ՙՊետրոս Ալոյան՚-ի անվան հիմնադրամի, ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան ու մեր համալսարանի հետ համատեղ կազմակերպվող մրցույթի՝ ՙՊատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում՚ անվանակարգով մրցանակը շնորհվեց Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողուհի Շողեր Խաչատրյանին:

«Ճարտարապետություն և շինարարություն-արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային՝ արդեն 9-րդ գիտաժողովի հետքերով մեր համալսարանի պատվիրակությունը մեկնեց Բաթում: Ջերմուկից, Պեկինից, Չեստոհովայից, Սանկտ Պետերբուրգից, Օստրավայից, Երևանից հետո հերթը Բաթումինն էր, որտեղ էլ, Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանում տեղի ունեցավ հերթական գիտաժողովը:

Տարին հատկանշական էր, հատկապես, Պեկինի Շինարարության և ճարտարապետության համալսարանում տեղի ունեցած ճարտարապետական համալսարանների «Մեկ գոտի և մեկ ուղի» կոնսորցիումի հիմնադրման հանդիսավոր արարողությամբ, որին, որպես հիմնադիր անդամ, մասնակցեց նաև մեր համալսարանը՝ ի դեմ ռեկտոր Գագիկ Գալստյանի և Ֆինանսատնտեսական և տեղեկատվական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինա Ղազարյանի:

Մենք ոչ միայն մեկնում, այլ նաև մեծ պատրաստակամությամբ հյուրընկալում ենք: Անցնող տարիվա ընթացքում նույնպես ունեցանք բազմաթիվ հյուրեր, առաջարկներ, վարպետության դասեր:

Աշնանը մեր համալսարանում էին Նյու Ջերսիի Ռատգերսի պետական համալսարանի պրոֆեսորներ Ալի Մահերը, Մոհսեն Ջաֆարին, Վահան Թանալը, Դավիթ Միքայելյանը և Մեթյու Ջոկայտսը, ովքեր մեր համալսարանի, ՙՀայ օգնության ֆոնդ՚-ի և ՙԱմերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության՚ համագործակցության շրջանակներում, դասախոսություններ անցկացրեցին ուսանողների և դասախոսների լայն զանգվածի համար: Հյուրընկալեցինք նաև ուկրաինական պատվիրակության անդամներին, ովքեր մեր համալսարանում անցկացրեցին ՙՔրիստոնեության ընդունման 1030 ամյակը Կիևյան Ռուսիայում և ՙԿիևի Սուրբ Սոֆիայի տաճար՚ միջազգային գիտաժողովը:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան էլ մեր համալսարանի հետ հնարավոր համագործակցության եզրեր տեսավ: Էյջի Տագուչին նկատեց, որ  Հայաստանում առկա է ոչ միայն հայկական, այլև տարածաշրջանի ճարտարապետական ժառանգության շունչը, ինչը հետաքրքիր խթան կարող է լինել փոխգործակցության համար:

Հաջողություններին զուգահեռ՝ համալսարանն ունեցավ նաև մեծ կորուստ: 69 տարեկանում իր մահկանացուն կնքեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, դիզայներ, նկարիչ, քանդակագործ, Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ Ալբերտ Սոխիկյանը: Ուսանողները, վառ պահելով նրա հիշատակը, կազմակերպեցին վարպետի ծննդյան օրվան նվիրված ցուցահանդես, որտեղ փակցված յուրաքանչյուր նկար պատմում էր վարպետի կյանքի, համալսարանում անցկացրած օրվա, ուսանողների հետ կիսած ապրումների մասին:

Տարին ամփոփվեց նշանակալի իրադարձությամբ: Դեկտեմբերի 15-ին, երկամսյա տքնաջան ու նվիրված աշխատանքի արդյունքում, ՙՀորիզոն-95՚ շինարարական կազմակերպությունը՝ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, ՀՀ Շինարարների միության նախագահ և ՙՀորիզոն-95՚ շինարարական կազմակերպության գլխավոր տնօրեն Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ՝ ավարտեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շինարարության առաջին փուլը: «Մեղրի» ԱՏԳ-ի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ովքեր, կարևորելով գոտու նշանակությունը երկրի տնտեսական զարգացման համատեքստում՝ նշեցին, որ այն սեղմ ժամկետներում իրականություն դարձավ նաև վաստակավոր շինարար Գագիկ Գալստյանի համառ և անձնվեր աշխատանքի շնորհիվ:

Այսպես, ձեռքբերումներով ու կորուստներով՝ իրար հաջորդող յուրաքանչյուր օր ու տարի ծնունդ է մի նոր բանի. նոր կյանքի ու նոր հաջողությունների: Նոր տարին հենց այս խորհրդով ենք տոնում՝ հույսով, որ այն կլինի ավելի լավը, խաղաղն ու արգասաբերը:

30.12.17

1,173  Ընդամենը Դիտված, 0 Դիտվել է այսօր