Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԱՊԱԳԱ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ

Ուսանող լինելը հպարտության առիթ է, մեծ ու արժանապատիվ ապագայի հույս ու գրավական, իսկ ուսանող լինելու ցանկացած վկայություն կարևոր է ու պարտավորեցնող:

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետի առաջին կուրսեցիները հանդիսավոր կերպով ստացան իրենց ստուգարքային գրքույկները: Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանն արել էր հնարավորինը՝ ուսանողների համար օրը հիշարժան դարձնելու, իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ սերն ու կարևորությունն ավելացնելու համար:

Արարողության ներկա էին համալսարանի պրոռեկտորները, Շինարարության ֆակուլտետի ամբիոնի վարիչները, ՀՀ Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը, Ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի խորհրդական Հովսեփ Հովեյանը, շինարարներ Վլադիմիր Մարգարյանը, ՙԵրևանշին՚ ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը, ՙԿամուրջշին՚ ընկերության տնօրեն Վլադ Ասատրյանը:

Ներկա հյուրերը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին, հպարտորեն նշեցին, որ շինարարի մասնագիտությունը, թերևս, ամենակարևոր մասնագիտություններից է, որ հենց շինարարն է կառուցում ու կերտում մեր միջավայրը, երկիրն ու տունը: Դեռևս 1921թ-ից անհաշվելի անվանի շինարարների ծնունդ տված մեր համալսարանն այսօր էլ շարունակում է իր լավագույն ավանդույթներն ու բարձր պահում շինարարի անունը: ՙԵրևանշին՚ ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը հուզմունքով հիշեց համալսարանի բոլոր շրջանավարտ շինարարներին՝ առաջին կուրսեցիներին հորդորելով այնպես սովորել, որ հետագայում դառնան մեր համալսարանի հպարտությունը:

Հովսեփ Հովեյանը նույնպես շնորհավորեց ու քաջալերեց առաջին կուրսեցիներին՝ վստահեցնելով, որ անձնվեր ու բանիմաց դասախոսների և համալսարանի կողքին կանգնած անվանի շինարարների տված գիտելիքներն ու խորհուրդները կդառնան հենարան՝ երկիրը կառուցելու և շենացնելու պատասխանատու գործում:

29.11.17

1,879  Ընդամենը Դիտված, 27 Դիտվել է այսօր